Ողջունելի է ապաշնորհ պաշտոնյաների հեռացումը զբաղեցրած պաշտոններից: Այս մասին նոյեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ անդրադառնալով Առողջապահության ու Կրթության եւ գիտության նախարարություններում տեղի ունեցած վերջին կադրային փոփոխություննեին: «Եթե կան խնդիրներ, թերություններ, այդ թերություններն ուսումնասիրվել են, ինչո՞ւ պետք է լռել: Պետք  է այդ թերությունները վերացնել, փոխել այն կադրերին, որոնք լավ չեն աշխատում»,-հայտարարեց Բիշարյանը:  

Հարցին, թե ի՞նչ կասի ՕԵԿ պորտֆելով աշխատող Գյուղատնտեսության նախարարության մասին, որի գործունեությունից դժգոհ է նաեւ վարչապետը, Բիշարյանը արձագանքեց. «Ներողություն, Գյուղատնտեսության նախարարը ՕԵԿ-ի պորտֆելով է, սակայն նախարարության աշխատակիցներն ի վերջո ՕԵԿ չեն: Այնտեղ կան մարդիկ, ովքեր թերացել են, որոնց մասին վարչապետն ասաց: Տրվել են հանձնարարականներ եւ տեսնենք, թե ովքեր կազատվեն աշխատանքից»:

Բիշարյանը Գյուղնախարարության վատ աշխատանքի հարցում մեղադրեց նաեւ բնությանը, որն այս տարի, նրա ձեւակերպմամբ՝ շռայլ չի եղել ժողովրդի նկատմամբ եւ տեղի ունեցած բազմաթիվ աղետների հետեւանքով գյուղատնտեսության բնագավառը բավական վատ վիճակում է: «Մենք չպետք է թաքցնենք այդ թերությունները, պետք է խոսենք դրանց մասին ու օգնենք ժողովրդին դուրս գալ այդ վիճակից»,-հայտարարեց խորհրդարանականը: