Ասում են Ծառուկյանը մինչեւ վերջ կգնա՞, բայց Ծառուկյանը ե՞րբ մինչեւ վերջ չի գնացել։ Այս հարց ու պատասխանն այսօր՝ մարտի 10–ին, Ծաղկահովիտ գյուղի  ընտրողների հետ հանդիպման ժամանակ  հնչեցրել է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ապա շարունակել խոսքը՝ վերստին անդրադառնալով նրան, թե ինչու ինքը 2015 թվականի փետրվարին մինչեւ վերջ չգնաց (ֆոտոռեպորտաժ)։

«Ամբողջ պետությունը մեր դեմ էր դուրս եկել 2015 թվականին, ես իմ ժողովրդի մատից  արյուն չթափելու համար ասեցի՝ ես ծալում եմ քաղաքական էջը, հեղափոխություն չեմ ուզում, փակեցի քաղաքական էջը։ Ասում են՝ Ծառուկյանը մինչեւ վերջ կգնա՞,  բայց Ծառուկյանը երբ մինչեւ վերջ չի գնացել, հիմա ես իմ ժողովրդին պիտի տանեի  արյունահեղության, հեղափոխությունը լինո՞ւմ ա առանց արյունահեղության, բայց ոնց կարայի տանեի հեղափոխության»,–հայտարարել է Ծառուկյանը։

ԲՀԿ առաջնորդը մեղադրել է գյուղացիներին, որոնք  խաղաղ պայմաններում իրենց տրված ընտրության հնարավորությունը չեն ծառայեցնում հանուն բարօրության։

«Գործ էլ ունեմ, ամեն ինչ էլ ունեմ, աշխարհով մեկ ճանաչում էլ ունեմ, բայց ես հայ եմ, սիրում եմ  ձեզ, պարտք ունեմ ժողովրդի առաջ, պետք է պայման ու հնարավորություն լինի, որ օրենք էլ փոխենք... Ում կհավատաք, նրան էլ ձեր ձայնը տվեք, ձեզ հնարավորություն է տրված խաղաղ պայմաններում մասնակցեք ու ձեր ձայնը տաք»։