Բոլորը գիտեն, թե թաղային խուժանին ովքեր են օգտագործում ընտրությունից ընտրություն: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, Վանաձորում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:

«Ի՞նչ վատ բան է արել էդ մարդը ձեզ, որ փող եք ծախսում, սեւ ներկ եք առնում ու գնում եք խաչ եք նկարում նկարների վրա: Կարելի՞ է էդքան ատել մրցակցին»,- ասաց նա:

Նշելով, որ իր կարծիքով այդ ամենի հետեւում կանգնած է թաղային խուժանը, Էդմոն Մարուքյանն ասաց. «Թե թաղային խուժանին ովքեր են օգտագործում ընտրությունից ընտրություն, ինձ թվում է բոլորը գիտեն, որ դա գործող իշխանությունն է, հանրապետական կուսակցությունն է  ու նրանց հետ համագործակցող ուժերը: Եթե ինձ հարցնում եք, թե ում վրա եմ կասկածում, ես ձեզ ասում եմ՝ ես միանշանակ կասկածում եմ գործող իշխանության ու նրա կողմից գործի դրված թաղային խուժանի վրա»:

Վերջինս, այդուհանդերձ, չբացառեց, որ նույն թաղային խուժանը կարող է գործած լինի սեփական նախաձեռնությամբ. «Կարող է թաղային խուժանը, որը դա արել է, արել է սեփական նախաձեռնությամբ: Դա հանրապետական կուսակցությունը կոչում է  «արջի ծառայություն»: Իբր՝ դա մեզ պետք չէր, ինչի՞ են արել»:

Իսկ հնարավո՞ր է՝ դա արված լինի այլ ընդդիմադիր ուժերի կողմից, հարցին էլ արձագանքեց. «Եթե կհայտնաբերեն ու կիմանանք, որ ընդդիմադիր ուժերից են պատռել, դա նոր բացահայտում կլինի Հայաստանում»:

Չնայած հասցված նյութական վնասին, Էդմոն Մարուքյանը վստահեցրեց. «Ես ներել եմ նրանց, ովքեր դա արել են»:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ անհայտ անձինք «Ելք» դաշինքին պատկանող գովազդային պաստառներից մեկը պատռել են, իսկ մյուսը՝ ներկել սեւ ներկով՝ փակելով պաստառի վրա պատկերված ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի դեմքը: Երկու դեպքում էլ թիրախը եղել է Էդմոն Մարուքյանը: Ցուցապաստառի վրա փակցված «Ելք» դաշինքի մյուս առաջնորդների՝ Արամ Զ. Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի նկարներն անվնաս են մնացել: Տեսախցիկը պաստառը պատռելու պահը: