Մարտի 7-9-ը, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարված Գերագույն հոգեւոր խորհուրդը նիստերի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Վերջինիս առնչությամբ Գերագույն հոգեւոր խորհուրդը հանդես եկավ հետեւյալ հայտարարությամբ.

«Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու տոնակարգով Մեծ պահքի խորհրդաշատ եւ աղոթական օրեր է ապրում աշխարհասփյուռ մեր ժողովուրդը, ինքնաքննության, զղջումի եւ ապաշխարության մի շրջան։ Պահոց այս շրջանի ընթացքում՝ ապրիլի 2-ին, որը նաեւ նվիրական օր է մեր ժողովրդի համար ապրիլյան քառօրյա պատերազմի մեր նահատակ զավակների լույս հիշատակով, տեղի են ունենալու ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները. կարեւոր իրադարձություն ազգային մեր կյանքում, շրջադարձային հանգրվան հայոց պետականաշինության մեջ։ Առաջիկա ընտրություններն առանձնակի նշանակություն ունեն մեր հայրենիքի համար՝ հունավորելով անցումը նոր, խորհրդարանական կառավարման ձեւին եւ պայմանավորելով նաեւ Մայր Հայաստանի հետագա զարգացումը։

Գերագույն հոգեւոր խորհուրդը դիմում է մեր Եկեղեցու զավակներին եւ ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ մասնակցելու ընտրություններին հայրենիքի եւ մեր ժողովրդի ապագայի նկատմամբ պատասխանատվությամբ ու նախանձախնդրությամբ։ Կոչ ենք անում քվեարկել խղճի մտոք, առկա քաղաքական տարակարծությունների մեջ տեղի չտալ հուզումների, առավել եւս՝ անհանդուրժողականության եւ հակառակությունների։

Հորդորում ենք բոլոր քաղաքական ուժերին եւ առաջադրված թեկնածուներին նախընտրական եւ ընտրական գործընթացներում դրսեւորել խոհեմության, զսպվածության եւ փոխադարձ հարգանքի ոգի՝ բարի ավարտի հասցնելու ԱԺ ընտրությունները եւ մեր հայրենական կյանքը միասնաբար առաջնորդելու հայրենաշեն աստվածահաճո ճանապարհներով։ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին ողջունում է բոլոր այն ազնիվ ազգանվեր նախաձեռնություններն ու ձգտումները, որոնք ուղղված են մեր ժողովրդի բարօրությանն ու առաջընթացին, հայրենիքի խաղաղությանը, զորացմանն ու ապահովությանը։

Աղոթքով առ Բարձրյալն Աստված հայցում ենք Երկնավորի օրհնությունը եւ Ամենախնամ Ս. Աջի հովանին մեր Հայրենիքին եւ աշխարհասփյուռ ժողովրդին»։