Պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, թե ինքը նախարար աշխատած տարիներին չի բարձրաձայնել եւ պայքարել կոռուպցիայի մասին:

Այսօր՝ մարտի 11-ին, Երեւանի Ավան վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպումից հետո լրագրողները Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին՝ ինչու նախկինում չէր խոսում կոռուպցիայի մասին:

«Գոյություն ունի Հայաստանի Զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության երկու տեսակ: Հասարակական վերահսկողությունն իրականացնում է հասարակությունն ու զանգվածային լրատվամիջոցները: Ժողովրդավարական վերահսկողությունն իրականացնում է ՀՀ նախագահը, Կառավարությունը, Ազգային ժողովը, Վերահսկիչ պալատը, ԱԱԾ-ն, դատախազությունը: Գոյություն ունի դրա երկրորդ մասը՝ պաշտպանության նախարարի անձնական վերահսկողական մարմինները: Որեւիցե մի նախարարի ընթացքում այդքան բացահայտումներ չեն եղել, որքան իմ ժամանակ, դրանք հրապարակային չեն եղել՝ ելնելով նախարարության գործունեության առանձնահատկությունից»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նախկին նախարարի պնդմամբ, ինքն ահռելի աշխատանք է կատարել կոռուպցիոն ռիսկերի բացահայտման ուղղությամբ, մասնավորապես կադրային քաղաքականության, սոցիալական խնդիրների լուծման, զոհված զինծառայողների եւ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ուղղությամբ. «Զորակոչի մեջ կարելի է ասել՝ եղել է հեղափոխություն. Նախկին կոռուպցիոն ռիսկերը հասցվել են մինիմումի, քանի որ ներդրել ենք վիճակահանության մեխանիզմը»:

Նշենք, որ քարոզարշավի ընթացքում Սեյրան Օհանյանը շատ հաճախ է հայտարարում, որ իշխանության գալու դեպքում վերացնելու են կոռուպցիան Հայաստանում: