«Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պնդում է, որ ապրիլյան պատերազմի օրերին վառելիքա-քսուկային հարցերում որեւէ խնդիր չի եղել, ՀՀ պաշտպանության նախարարությունը ժամանակին կատարել է բոլոր մատակարարումները:

Այսօր՝ մարտի 11-ին, Երեւանի Ավան վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպումից հետո լրագրողները նախկին նախարարին խնդրեցին մեկնաբանել վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, թե քառօրյա պատերազմում անորակ վառելիք է օգտագործվել:

«Քառօրյա պատերազմում վառելիքա-քսուկային հարցերում այդպիսի բան չի եղել, որեւէ խնդիր չենք ունեցել, մատակարարումները եղել են ժամանակին: Դրանք լոկ շահարկումներ են: Մարդիկ պետք է իմանան՝ ինչ է նշանակում տանկ, տանկի մեջ բենզին չի լցվում, այլ դիզվառելիք: Մարդիկ գոնե մի տանկի մոտ ժամանակին պետք է կանգնած լինեն ռմբակոծության կամ մարտական գործողության ժամանակ, որ այդպիսի հետեւություններ անեն»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում Կարեն Կարապետյանը հայտնել էր, որ 2016-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ ռազմական տեխնիկան չի աշխատել վատորակ վառելիքի պատճառով։ «Որակի հարցերիին պետք է խստորեն հետեւել։ Կարծում եմ, հիշում եք, որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ մի շարք դեպքերում մեր ռազմական տեխնիկան չի աշխատել հենց այդ պատճառով»,- շեշտել է վարչապետը։