Այսօր Հայաստանում ոչ թե թաղի տղերք, լավ տղերք ենք ընտրում, այլ երկրի բարձրագույն քաղաքական իշխանություն: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, Արարատի մարզի Մասիս քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը:

«Մենք ունենք պատգամավորներ, որ 25 տարի այնտեղ են, բայց 25 բառ չեն խոսել խորհրդարանում: Նրանք որդեգրել են հետեւյալ գործելաոճը, ցուցակագրեմ, փողը տամ, գնամ էնտեղ նստեմ: Ազգի խնդիրները բարեգործությամբ, ցուցակագրելով, գնալ էնտեղ նստելով չի լուծվում: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ ապրիլի 3-ին կյանքը վերջանում է, աշխարհի վերջն է, երբ մտածում են՝ ինչ անենք մի բան պոկենք տանենք: Այդ մի քանի հազար կաշառքը որ բաժանես 5 տարվա մեջ, մի քանի լումա է անում»,-ասաց նա:

Արթուր Բաղդասարյանի խոսքով, վերջին շրջանում առաջին անհրաժեշտության ապրանքները թանկանում է, որովհետեւ առջեւում ընտրություններն են. «Փողը կտան, ձայները կգնեն, եւ իրենք չեն էլ տուժում, որովհետեւ եթե շաքարավազը 50 դրամով թանկացել է, երկու ամսվա կտրվածքով գերշահույթը կազմում է մոտ 2 մլն դոլար: Ի՞նչ է եղել, մի միլիոնը մտան ժողովրդին, մեկն էլ կդնեն իրենց գրպանը»:

Նշենք, որ Հայաստանում շաքարավազի ներկրման ոլորտում գերիշխող դիրք ունի ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընկերությունը, եւ ըստ ամենայնի, քննադատությունը նրան էր ուղղված:

Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ հասարակությանն առաջարկում են այն, ինչ ժողովրդից գողացել են: Նա ընդգծեց, որ տարվա կտրվածքով արագաչափերից գանձվել է 52 մլն դոլար, այսինքն մեքենա ունեցող միջին վարորդը տարին 7 անգամ տուգանվել է:

«Հայկական վերածնունդ»-ի ղեկավարը խորհուրդ տվեց այն մարդկանց, որոնք որոշել են փող վերցնել, «գոնե գնան ճիշտ քվեարկեն»: Նրա առաջնորդի խոսքով, Հայաստանում պետք է լինի գյուղատնտեսության ոլորտում ապահովագրություն, նաեւ բնակարանաշինություն, առողջապահության համակարգում պետք է մարդկանց տալ գումարային սերտիֆիկատներ, որոնցով մարդիկ հնարավորություն կունենան նշված գումարի սահմաններում բուժվել, այսինքն փողը պետք է տրվի հասցեական մարդուն. մարդը չպետք է մեռնի, որ փող չունի»: