Վանաձորում, մարտի 11-ի երեկոյան, «Ելք» դաշինքի անդամները վնասված են գտել Խնձորուտ թաղամասում գտնվող նախընտրական շտաբի պատին փակցված մեծադիր քարոզչական պաստառը։
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը NEWS.am-ին հայտնեց, որ դեպքն, ամենայն հավանականությամբ, գրանցվել է ժամը 21։00-ի սահմաններում։
«Վանդալիզմը շարունակվում է պաստառների դեմ անողոք պայքարի տեսքով։ Մենք արձանագրում ենք, որ գործ ունենք հստակ ուղղորդված եւ հրահանգավորված գործողությունների հետ»,- նշեց Էդմոն Մարուքյանը՝ հվելելով, որ քարոզչական պաստառները պոկելու ու վնասելու դեպքերը շարունակվում են նաեւ քաղաքի մյուս հատվածներում։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 7-ի գիշեր Վանաձորում վնասել էին «Ելք» դաշինքին պատկանող գովազդային պաստառները: Մասնավորապես, Տիգրան Մեծ պողոտայի շենքներից մեկի պատին փակցված փոքր պաստառը անհայտ անձինք ներկել էին սեւ ներկով, փակելով պաստառի վրա պատկերված ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի դեմքը: Ավելի մեծ պաստառը, որը փակցված է «Ելքի» նախընտրական շտաբի հարեւանությամբ, պատռել էին։ Ընդ որում, երկու դեպքում էլ թիրախը եղել է Էդմոն Մարուքյանը: Ցուցապաստառի վրա փակցված «Ելք» դաշինքի մյուս առաջնորդների՝ Արամ Զ. Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի նկարներն անվնաս են մնացել:
.jpg)
.jpg)


























