Հանրապետական կուսակցությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, երկարատեւ եւ կոռուպցիոն գործունեության արդյունքում Հայաստանը հասցրել է հուսահատության եզրին: Այդ մասին այսօր՝ մարտի 12-ին Արաբկիրում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Ելք»դաշինքն այսօր՝ մարտի 12-ին քարոզարշավ է իրականացրել Երեւանի Արաբկիր վարչական շրջանում: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու դաշինքի այլ թեկնածուներ հանդիպում են ընտրողների հետ, ներկայացրել դաշինքի նախընտրական ծրագրերը, թեկնածուների գործունեությունն ու առաջիկա անելիքները:

«Հանրապետական կուսակցությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, երկարատեւ եւ կոռուպցիոն գործունեության արդյունքում Հայաստանը հասցրել է հուսահատության եզրին եւ հիմա ցանկանում է վարչական լծակների գործադրմամբ ավելի խորացնել այս ճահիճը՝ իր գործունեությունը բարեհաջող շարունակելու համար»,- նշել է նա եւ հավելել. «Այդ ճահճից ելք կա եւ դուք կարող եք օգտվել այդ հնարավորությունից՝ «Ելք» դաշինքի օգտին քվեարկելով: Մի հուսահատվեք, որովհետեւ ելք կա»:

Նշենք, որ «Ելք» դաշինքի համամասնական ընտրացուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն էլ  քարոզարշավը շարունակումէ  Լոռու մարզում, այսօր նա հանդիպելու է Ջրաշենի եւ Սպիտակի ընտրողների հետ: