Սերժ Սարգսյանի բոլոր խոստումներն իրականանում են հակադարձ ճշգրտությամբ: Արմավիրում ընտրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին երկրից 350 հազար մարդ է հեռացել, որից միայն վերջին տարում՝ 48 հազար մարդ: Եվ սա միայն պաշտոնական վիճակագրությամբ, հավելեց նա:

Աղքատությունը 34 տոկոսի է հասել, իսկ եթե այն հաշվարկենք կանսաապահովման նվազագույն բյուջեով, ապա ընդհանրապես՝ ավելի քան 70 տոկոսի: Երկրի արտաքին պարտքը 1,8 մլրդ-ից հասել է 6 մլրդ դոլարի, իսկ տարեվերջին կհասնի 6.2 մլրդ-ի:

«Նրանք ապահով Հայաստան են խոստացել: Ահա եւ արդյունքը: Որովհետեւ երկիրը կոռուպցիոն համակարգով է ախտահարված: Այսինքն՝ կողոպուտն օրինականացվել է»,- հայտարարեց Մարտիրոսյանը: