Իշխանությունները կփոխհատուցեն նյութական վնասները, որոնք Բաթումի բնակիչներին պատճառվել են անկարգությունների հետեւանքով: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, որն անկարգություններից հետո Բաթում է ժամանել, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»:

Նրա խոսքով՝ տուժողներին օգնությունը իշխանությունների առաջնային խնդիրներից է, քանի որ վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի խաղարկել դրա պատճառով դժգոհությունները եւ սադրանք կհրահրի:

«Հիմա մենք պետք է համալիր գործենք: Իրավապահները պետք է շարունակեն կարգը պաշտպանել… Եվ անկասկած պետք է շարունակվի հետաքննությունը, որպեսզի բացահայտվեն ոչ միայն այն մարդիկ, որոնց օգտագործել են այս վայրագ գործողությունների համար, այլեւ նրանք, ովքեր նրանց խրախուսել են: Մենք պետք է կանխարգելում անցկացնենք, որ հետագայում նման բան թույլ չտրվի»,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ իշխանություններն իրենց իրավունք են վերապահում անկարգությունների կազմակերպիչներից պահանջել տուժողներին փոխհատուցում վճարել:

Անցած գիշեր Բաթումում 10 ժամ շարունակված անկարգությունների հետեւանքով ձերբակալվել է գրեթե 40 մարդ: Տուժել է 34 մարդ, որոնցից 15-ը ոստիկանության աշխատակիցներ են:

Բաթումում անկարգությունները սկսվել են մարտի 11-ին՝ մոտ ժամը 22-ին: Հազար մարդուց կազմված բազմությունը բողոքել է պարեկային ոստիկանության գործողությունների դեմ, երբ ոստիկանությանը չենթարկվելու համար 6 քաղաքացի ձերբակալվել է: Նրանք ոստիկանների հետ քաշքշոց են սկսել, երբ պարեկը չթույլատրված վայրում կայանելու համար տեղացուն մեծ չափի տուգանք է նշանակել:

Ցույցի մասնակիցները պահանջել են ձերբակալվածներին ազատել, նաեւ հեռացնել Բաթումի ոստիկանապետին: Նրանք ոստիկանության շենքի շուրջը ջարդ են կազմակերպել եւ քարեր են նետել ոստիկանների վրա: Ի պատասխան՝ ցուցարարների դեմ ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ռետինե գնդակներ է կիրառել:

Երկրի իշխանությունները անկարգությունների կազմակերպման մեջ մեղադրել են ընդդիմությանը եւ հայտարարել, որ բողոքի ակցիային մասնակցել են  «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության անդամներ: Ընդդիմությունն, իր հերթին, կարծում է, որ տեղի ունեցածի պատասխանատվությունը բառապես իշխանություններն են կրում: