Արմատականների կողմից Ուկրաինայում ռուսական բանկերի բաժանմունքների արգելափակումը տեղի է ունենում Կիեւի փաստացի թողտվությամբ: Այս բանկերի համար խնդիրների ստեղծումը վերջնարդյունքում կարող է Ուկրաինայի ներկայիս իշխանությունների «ոտքին կրակոց» դառնալ, հայտարարել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

ՌԴ ԱԳՆ-ից նշել են, որ համանման լուրերն «արդեն նույնիսկ զարմանք չեն առաջացնում»:

«Գտնվել է հերթական «սարսափելի թշնամին», որից են իբր բխում Ուկրաինայի բոլոր դժբախտությունները, դա ռուսական կապիտալով բանկերն են, որոնք վաղուց հաջողությամբ գործում են Ուկրաինայում հանուն իր իսկ տնտեսության, ֆինանսական համակարգի բարօրության եւ բազմաթիվ ուկրաինացի ավանդատուների շահերի»,- նշված է ԱԳՆ-ի կայքում հրապարակված մեկնաբանության մեջ:

Հաղորդագրության մեջ նշված է, որ Ուկրաինայի իրավապահ մարմինները, փաստորեն, խրախուսում են «խուլիգանություն» անող ակտիվիստներին, որոնք արգելափակում են առանձին բանկերի աշխատանքը, եւ որ «ներկայիս կառավարության որոշ անդամներ ուղղակիորեն աջակցում են արմատականների ապօրինի գործողություններին»:

Նախարարությունից հռետորական հարց են հնչեցրել, թե ո՞ւմ կարող են խանգարել «ուկրաինական իրավաբանական անձ համարվող բանկերը, որոնք գրանցվել են Ուկրաինայի օրենսդրությանը միանգամայն համապատասխան, եւ որոնք ազգային բանկային համակարգում ծանրակշիռ բաժին ունեն»:

«Այս բանկերի համար խնդիրների ստեղծումը արդյոք Ուկրաինայի ներկայիս իշխանությունների համար «սեփական ոտքին կրակոց չի՞ դառնա»: Եվ արդյոք նա ունակ է կամ պատրաստ հաղթահարելու այս հերթական աղաղակող իրավական ամենաթողությունը»,- եզրակացրել են ՌԴ ԱԳՆ-ում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Կիեւում «Ազով» գումարտակի եւ «Առաջին սեկտոր» կազմակերպության անդամները «Ռուսաստանի խնայբանկի» մուտքը պատաշարով փակել են: