Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի վերլուծությունների բաժինը, հիմնվելով առեւտրային բանկերի 2010-12 թթ. հեռանկարային զարգացման ծրագրերի վրա` դեռեւս օգոստոսին հրապարակել էր բանկերի կանխատեսումները դոլար/դրամ փոխարժեքի վերաբերյալ։ Ըստ այդմ՝ իրատեսական է համարվում ՀՀ դրամի փոխարժեքի որոշ չափով հնարավոր արժեզրկումը, որը նպաստավոր պայմաններ կստեղծի արտահանման աճի՝ դրա հաշվին արտահանվող ապրանքների եւ ծառայությունների մրցունակության բարձրացման եւ երկարաժամկետ հատվածում ներմուծման ծավալի կրճատման վրա, բարելավելով երկրի վճարային հաշվեկշիռը: Սակայն տվյալ պարագայում չի կարելի բացառել նաեւ գնաճային «շոկ»-ի առաջացման հավանականությունը: 2010թ. համար բանկերի կանխատեսումները ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքի վերաբերյալ ընկնում են 360-455 միջակայքում (միջինը 394), սակայն բանկերի մեծամասնությունը հիմնականում կանխատեսել է 380-400 միջակայք: Որոշ բանկերի կանխատեսումների համաձայն` դրամի կայունացումը կարող է մեղմացնել դոլարիզացիայի առկա մակարդակը:
Նշենք, որ նախկինում բանկերի կողմից արված ոչ բոլոր կանխատեսումներն են իրականություն դարձել:




























