Քաղաքացիներ Մնացական Դ.-ի, Կարինե Մ.-ի եւ Յուրի Շ.-ի հաղորդումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում երեք քրեական գործ է հարուցվել ոստիկանների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ խոշտանգում կատարելու դեպքերի առթիվ:
Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Աշտարակի բնակիչ, խուլիգանության մեջ կասկածվող Մնացական Դ.-ն հաղորդում է տվել, որ 2016թ. օգոստոսի 4–ին Աշտարակի Սիսակյան փողոցում տեղի ունեցած դանակահարության դեպքի վայրից ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման են ենթարկել Աշտարակի բաժին, որի խցերից մեկում երկու ոստիկան խոշտանգել են իրեն` հարվածելով մարմնի տարբեր մասերին եւ ստիպելով տեղեկություններ հայտնել դանակահարություն կատարողի վերաբերյալ:
Աբովյանի բնակիչ Կարինե Մ.-ն եւս հաղորդում է տվել ոստիկանի կողմից ծեծի ենթարկվելու դեպքի վերաբերյալ. մասնավորապես, հայտնել է, որ հարեւանի հետ տեղի ունեցած վիճաբանության պատճառով ահազանգով տվյալ հասցե ժամանած ոստիկանության Կոտայքի բաժնի տեսուչն իրեն ծեծելով եւ հայհոյանքներ տալով բերման է ենթարկել բաժին, ապա տեղափոխել տեղի խցերից մեկը, որտեղ շարունակել է ծեծել իրեն:
Հատուկ քննչական ծառայությունում ստացված մեկ այլ հաղորդման համաձայն` Երեւանի բնակիչ Յուրի Շ.-ն իրեն պատկանող որսորդական հրացանն օգտագործելու թույլտվություն ստանալու հետ կապված հարցերի շուրջ վիճաբանության է բռնվել ոստիկանության Արարատի մարզային վարչության Վեդիի բաժնի աշխատակցի հետ: Ըստ հաղորդման` վիճաբանության ընթացքում հիշյալ ոստիկանը բռնություն է գործադրել Յուրի Շ.-ի նկատմամբ` բռունցքներով հարվածել է դեմքին ու կրծքավանդակին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ անձանց կողմից խոշատանգում կատարելու, ինչպես նաեւ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել Քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն:




























