Աթենքում գիշերը ինքնաշեն պայթուցիկ սարքը գործարկվել է ընդդիմադիր պահպանողական «Նոր դեմոկրատիա» կուսակցության փոխնախագահ Ադոնիս Գեորգիադիսին պատկանող գրախանութի մոտ: Այս մասին հայտնում է Աթենքի լրատվական գործակալությունը:
Անհայտ անձը գիշերը զանգահարել է zougla.gr կայքի խմբագրություն եւ հայտնել, որ պատգամավոր Գեորգիադիսին պատկանող խանութի մոտ ռումբ է դրել: Ոստիկանները շրջափակել են շրջանը, կանգնեցվել է Աթենքի հիմնական ավտոմայրուղու երթեւեկությունը:
Շուտով իսկապես պայթյուն է որոտացել, որը գործնականում ոչ մի վնաս չի պատճառել: Պայթյունի վայրում հայտնաբերվել է գազի պայթած 3 եւ չպայթած 5 գլանանոթ:
Ադոնիս Գեորգիադիսը ընդդիմության առաջնորդներից մեկն է եւ նախարարական պաշտոններ է զբաղեցրել: Նա մշտապես հանդես է գալիս իշխանությունների կոշտ քննադատությամբ: Աթենքի կենտրոնում գտնվող նրա խանութը մի քանի անգամ փորձել են հրկիզել:




























