ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին եւ Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան ներքին անվտանգության կցորդ Բռունո Բալդյուկին:
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին արտակարգ իրավիճակների, աղետների ռիսկի կառավարման եւ նվազեցման ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության ուղիներն ու հնարավոր ծրագրերը: Մասնավորապես խոսվեց կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատների ստեղծման հարցում փորձի փոխանակման եւ ուսուցման հնարավորությունների մասին, ինչպես նաեւ՝ պայմանավորվածություն ձեռքբերվեց մասնագետներ վերապատրաստել երկրաշարժերի ժամանակ փրկարարական աշխատանքների եւ հրդեհաշիջման իրականացման ոլորտում:
Նախարար Տոնոյանն իր խոսքում կարեւորեց աղետների ռիսկի բնագավառում համագործակցությունը մարզերի հետ՝ հատկապես այն մարզերում, որտեղ նախկինում համատեղ աշխատանքներ չեն իրականացվել:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռքբերվեց համատեղ աշխատանքներ իրականացնել արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնման ուղղությամբ:



























