«Ելք» դաշինքի առաջնորդ Էդմոն Մարուքյանը ցնորք եւ հերյուրանք է համարում մամուլում տարածված տեղեկությունները, թե իրենց նախընտրական պաստառները պատռում են հենց դաշինքի անդամները։ NEWS.am–ի հետ զրույցում Մարուքյանը, ավելին, ընդգծեց, որ Վանաձորում «Ելք» դաշինքի պաստառները պատռելու տեսագրությունները փոխանցվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
«Վանաձորում «Ելք» դաշինքի շտաբների վրա հարձակում է եղել. դանակով մեծադիր բաններները պատռել են։ Մենք ունենք տեսագրություն, որը փոխանցել ենք ՀՀ ոստիկանությանը։ Տեսագրության մեջ երեւում է, որ երկու տղամարդ գալիս են, հատուկ իմ նկարը պատռում են եւ գնում են։ Ավելին, ոստիկանությունը տեսագրություններ է վերցրել նաեւ շտաբների մոտ գտնվող բանկերի մասնաճյուղերից։ Այս տեսանյութերը նույնպես փաստում են, որ այդ անձինք դիտավորյալ նման գործողություններ են կատարել ամբողջ քաղաքով մեկ։ Հիմա այդքան փաստ ունենալուց հետո եթե կա մեկը, որը կարծում է, որ մենք կարող ենք մեր գույքը, մեր քաղաքացիների կողմից հանգանակված գումարով տպագրված բաները կամ պաստառը պատռել, թողնում եմ առանց մեկնաբանության, ցավում եմ նման մարդու համար»,– ասաց Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, որ «Հայոց աշխարհ» թերթն այսօր գրել էր. «Ելքի» պաստառներն իրոք միտումնավոր վնասվել են, բայց դրանով զբաղվել են հենց պաստառատերերը՝ Մարուքյան-Փաշինյան-Սարգսյան եռյակի գլխավորած «Ելք» դաշինքի կողմնակիցների ներգրավմամբ՝ ուշադրություն հրավիրելու համար: «Դա, ի դեպ, բավական պարզ, հին, բայց նաեւ փորձված եւ «արդյունավետ» հնարք է»։




























