ՀՀ դեսպանության կցորդ Ստեփան Գեւորգյանը մեկնաբանել է վերջերս եգիպտական լրատվական կայքերից մեկում տեղ գտած՝ Ադրբեջանի դեսպանության խորհրդատուի ապատեղեկատվական հոդվածը:
Մեկնաբանությունում ասվում է. «Մենք խիստ ավելորդ ենք համարում բանավեճի մեջ մտնել ճշմարտության մասին հիվանդագին պատկերացումներ ունեցող, ոչ կոմպետենտ, այսպես կոչված խորհրդատուների հետ:
Մեր համոզմունքն է, որ պրոֆեսիոնալ լրատվամիջոցները չպետք է տուրք տան նման պրովոկացիոն եւ լրագրության կանոններին հակասող նյութերին։
Հասկանալի է պարոն Մաշադի՝ իր պատվիրատուներին գոհացնելու ձգտումը, սակայն խորհուրդ կտայինք չմոռանալ խղճի մասին։
Իհարկե, ծիծաղելի է, երբ դիվանագիտության ազատության եւ ազնվության մասին խոսում է մի մարդ, ով պատկերացում չունի դիվանագիտական էթիկայի եւ կանոնների մասին։ Սակայն զարմանալի է, որ Ադրբեջանի դեսպանությունում տասը տարվա ընթացքում նրան չեն սովորեցրել այդ կանոնները։ Ինչ վերաբերում է հեղինակի անհիմն պնդումներին եւ հայտարարություններին, ապա դրանք նույնությամբ կրկնում են Բաքվի տոտալիտար ռեժիմի զառանցանքները, որոնց նպատակն է քսենոֆոբիայի, ռասիզմի եւ այլատյացության տարածումը։ Մեզ համար դա նորություն չէ, եւ մենք ստիպված ենք այդ նույն ձայնագրությունը լսել ավելի քան քսանհինգ տարի։
Ցավում ենք, որ այսպիսի էժանագին նյութերով փորձ է կատարվում Եգիպտոսի հանրությանը մոլորության մեջ մտցնել: Սակայն վստահ ենք, որ սա ի սկզբանե դատապարտված է տապալման, քանի որ Եգիպտոսի հազարամյա բազմամշակութային հանրության մեջ ռասիստական երեւույթները չեն կարող տեղ ունենալ»:




























