Լոռիում ՀՅԴ տարածքային ցուցակով հանդես եկող անկուսակցական թեկնածու Արտուշա Հարությունյանին խոչընդոտել են քարոզչություն իրականացնել Վանաձորի «Հույսի տուն» ծերատանը: 

Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինքն այսօր այցելել է ծերատուն՝ հանդիպելու ծերատան բնակիչների հետ, նրանց ներկայացնելու իր ծրագրերն ու ընտրական օրենսգիրքը, սակայն աշխատակիցները արգելել են շենքի ներսում քարոզչություն իրականացնել, պատճառաբանելով, որ իրենք կարող են իրենց ծերերին ամեն ինչի մասին տեղեկացնել. «Բակում մի քանի ծերերի հետ խոսեցի, ցանկացա նաև մյուսների հետ հանդիպել արդեն շենքի ներսում, աշխատակիցը զանգահարեց տնօրենին, ապա փոխանցեց, որ իրենց թույլ չեն տալիս քարոզչություն իրականացնել»:

Թեկնածուն այս ամենը քարոզչությանը խոչընդոտել է համարում:

Վանաձորի «Հույսի տուն» ծերատան տնօրեն Արզուման Հարությունյանը NEWS.am-ին հայտնեց, որ իրենց կողմից որևէ քաղաքական ուժի կամ որևէ թեկնածուի հանդեպ որևէ արգելք չի կիրառվում. «Բոլորն էլ կարող են այցելել ու զրուցել ծերերի հետ, բայց ցավալին այն է, որ ծերերին հիշում են միայն ընտրությունից ընտրություն»,-ասաց տնօրենը, հավելելով, որ պատգամավորի թեկնածուն կարող է ցանկացած ժամանակ հանդիպել ծերերի հետ:

«Տնօրենը տեղում չի եղել, աշխատակիցն էլ չգիտեմ ինչու է նման պատասխան տվել…Ամեն դեպքում, եթե ցանկություն ունեն, կարող են գալ ու հանդիպել մեր ծերերի հետ»,-վստահեցրեց տնօրենը, բոլոր քաղաքական ուժերին ու թեկնածուներին հիշեցնելով, որ ծերերին պետք չէ հիշել ընտրությունից ընտրություն՝ փիառվելու համար: