Ես տեղեկության չեմ տիրապետում Հայաստանի Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի իրադարձությունների վերաբերյալ։ Այս մասին մարտի 15–ին լրագրողների հետ զրույցի ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարել է առաջիկա խորհրդանական ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչ, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկին՝ ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանի հետ հանդիպելուց հետո։
Պատասխանելով NEWS.am–ի թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք որեւէ խախտումներ են արձանագրվել քարոզարշավի ընթացքում՝ Գումինսկին նշել է. «Այսօր մեր մոնիթորինգում մենք ելնում ենք այն բանից, ինչ ստանում ենք լրատվմիջոցների պաշտոնական աղբյուրներից, որտեղ նախորդ տարի ընդունված ընտրական օրենսգրքի որեւէ լուրջ խախտում մենք դեռեւս չենք նկատել։ Բայց ամբողջ մոնիթորինգի ընթացքում մենք պաշտոնական հարցումներ կշարունակենք անել, մասնավորապես՝ դատարաններին, դատախազությանը, արդարադատությանը, որտեղ քաղաքացիներն իրավունք ունեն դիմել բողոքներով ու դիմումներով։ Համապատասխանաբար նաեւ կծանոթնացնենք լրատվամիջոցներին»։
Ինչ վերաբերում է Արմավիրի մարզի Ջրառատ գուղի դեպքերին, նա ասել է. «Ես չեմ կարող մեկնաբանել դա, քանի որ իրադրության մասին տեղեկություն պետք է ունենալ։ Ես, դժբախտաբար, չեմ տիրապետում այդ տեղեկությանը»։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ ժամը 13։30-14-ի սահմաններում Ջրառատ գյուղի գյուղապետարանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, որի ժամանակ ինքնաձիգից հնչել են կրակոցներ։ Միջադեպի հետեւանքով՝ երեք անձ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Ըստ բժշկական նախնական հետազոտության արդյունքների՝ տուժածներից մեկը հրազենային վնասվածք է ստացել ոտքի շրջանում, երկրորդը՝ կտրող-ծակող առարկայի գործադրմամբ՝ մեջքի շրջանում, երրորդը՝ ձախ ձեռքի կոտրվածք։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 112-րդ, 258-րդ եւ 235-րդ հոդվածների հատկանիշներով։ Ստեղծվել է քննչական խումբ, եւ այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը՝ փորձագետների հետ միասին, իրականացվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ վիճաբանության շարժառիթը, մասնակիցների շրջանակը պարզելու համար, քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։



























