Թուրքիան մեծ երկիր է, սակայն պատմամշակութային առանձնահատկությունների պատճառով այն երբեք չի կարող Եվրամիության մասը լինել, ուստի Միությանը նրա անդամակցության շուրջ բանակցությունները պետք է փակել: Այսպիսի տեսակետ է հայտնել «Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Անկարայի եւ Ամստերդամի միջեւ ծավալվող դիվանագիտական սկանդալը մեկնաբանելով՝ նա հերթական անգամ քննադատել է Ֆրանսիայի իշխանությունների որոշումը երկրի տարածքում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի մասնակցությամբ թուրք ակտիվիսների հանրահավաքի անցկացումը թույլ տալու մասին: Այն տեղի է ունեցել կիրակի Մեթս քաղաքում՝ այն բանից հետո, երբ նույն օրը Չավուշօղլուի օդանավին թույլ չեն տվել Նիդեռլանդներում վայրէջք կատարել:

«Մենք պետք է մեր հոլանդացի հարեւանների հետ ավելի մեծ համերաշխություն դրսեւորեինք, սակայն ցանկանում եմ ասել, որ սա ընթացիկ օրակարգի հատվածներ են, իսկ արմատական հարցն այն է, թե արդյոք Թուրքիան եվրոպակա՞ն երկիր է, եւ արդյոք պե՞տք է Եվրամիություն մտնի: Իմ պատասխանը մշտապես մեկն է եղել՝ ո՛չ»,- նշել է Ֆիյոնը:

Նա ընդգծել է, որ «Թուրքիան եվրոպական երկիր չէ, բայց մեծ ազգ է»: «Նրա մշակույթը եվրոպական չէ, նա Եվրամիությունում տեղ չունի: Այնպես որ՝ այո, այդ բանակցությունները (ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության) պետք է դադարեցնել, պետք է համարձակ լինել եւ Թուրքիայի կառավարությանն ազնվորեն ասել, որ [ԵՄ-ին] միավորում չի լինի, քանի որ եվրոպական ժողովուրդները երբեք համաձայնության չեն գա Թուրքիայի անդամակցության հարցում»,- համոզված է քաղաքական գործիչը:

Դրա հետ մեկտեղ, նա նշել է, որ Եվրոպան Թուրքիայի հետ կառուցողական երկխոսությունը պետք է շարունակի, բայց այլ «հունով»:

Խոսելով Անկարայի սպառնալիքների մասին՝ Եվրոպա սիրիացի փախստականներին վերաուղարկելու վերաբերյալ, նա հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունների նման հռետորաբանությունն անընդունելի է: «Չի կարելի ապրել սպառնալիքի տակ՝ միջազգային հարաբերություններն այդկերպ չեն կարող գործել: Մենք եւս Թուրքիայի վրա ճնշում գործադրելու լծակներ ունենք, Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է, ԱՄՆ-ի դաշնակիցն է: Առկա է երկխոսություն, որը պետք է վարել, սակայն խոսքը Թուրքիայից թշնամի սարքելու մասին չէ, հարցն այդպիսի դրվածք չունի»,- նշել է Ֆիյոնը: