Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրություններում արտացոլված է հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու մոտեցումները: Այդ մասին ասված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ: Կուսակցությունը հայտարարել է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայ-թուրքական հարաբերութունների կարգավորման հարցում առաջնորդվում է իր ծրագրային հիմնադրույթներում ամրագրված այն մոտեցումով, ըստ որի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում ՀՀ մասնակցության չափն ու ուղենիշերը պայմանավորված պետք է լինեն ազգային, պետական իրատեսական շահերով: Միաժամանակ, կուսակցության դիրքորոշման համաձայն, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը այլնըտրանք չունի":

«Առաջնորդվելով „Բարգավաճ Հայաստան“ կուսակցության քաղաքական-ծրագրային վերոնշյալ հիմնադրույթներով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումների կապակցությամբ մենք գտնում ենք, որ

1. hրապարակված փաստաթղթերում, ընդհանուր առմամբ, արտացոլված են առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ԲՀԿ մոտեցումները, որոնք ընկած են նաեւ ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում:

2. Գտնում ենք, որ հայ-թուրքական առանց նախապայմանների երկխոսության ծավալումը խթան կարող է հանդիսանալ նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի եւ թուրք հասարակության շրջանում հանրային գիտակցության փոփոխման հարցում: Կոշտ կամ պարտադրանքների ճանապարհով տվյալ հիմնահարցի արծարծումը համարում ենք առավել անիրատեսական:

3. Մեզ համար ընդունելի է, որ նախաստորագրված արձանագրություններում բացակայում է որեւէ հիշատակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, որը որպես նախապայման թուրքական կողմը բազմիցս ներկայացրել էր Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առնչությամբ:

4. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դրական միտումներ պարունակող առաջարկ է նաեւ միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը, որը թույլ կտա կառավարական ամենաբարձր մակարդակով քննարկել հայ-թուրքական հարաբերությունների բոլոր կնճռոտ հարցերը, այդ թվում եւ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը»: