«Որոշ լրատվամիջոցներում իմ՝ ամենատարբեր պաշտոններում նշանակվելու մասին լուրերը մառազմ են եւ հիվանդ երեւակայության արդյունք»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով հայկական լրատվամիջոցների տարածած այն լուրը, թե նա, իբր, հավակնում է Լոռու մարզպետի պաշտոնին։
Նման հոդվածներ պատվիրողներին Շարմազանովը խորհուրդ տվեց չանհագստանալ իր ճակատագրի մասին եւ զբաղվել ավելի կարեւոր գործերով։ Նա նշեց, որ լիովին գոհ է իր ձեռքբերումներով եւ քաղաքական դաշտում զբաղեցրած դիրքով։
Նշենք, որ հայկական մի շարք թերթեր տեղեկություններ են տարածել այն մասին, որ Շարմազանովը եւ նրա կուսակից Հովհաննես Սահակյանը՝ երկուսն էլ լոռեցի, հավակնում են Լոռու մարզպետի պաշտոնին։ Համաձայն մամուլի՝ Շարմազանովը նեղացել է, որ իրեն ՀՀԿ խմբակցության ղեկավար «չեն նշանակել», ինչպես նաեւ իր կուսակից Արմեն Աշոտյանին բաժին է ընկել Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը, իսկ ինքը ստիպված է բավարարվել միայն խմբակցության քարտուղարի դիրքով։





























