Հայաստանում տարածքային ցուցակներով քվեարկության նոր կարգը տեղում միշարք խնդիրներ է առաջացրել: Այս մասին մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ծառուկյան» դաշինքից պատգամավորի թեկնածու Միքայել Մելքումյանը:
Խոսելով Քուչակ գյուղում վերջին միջադեպի մասին Մելքումյանն ասել է. «Ես դատապարտում եմ բռնությունը, իրավախախտումը, միմյանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը` լինի դա Հայաստանի հանրապետական կուսակցության, «Ծառուկյան» դաշինքի կամ մեկ այլ քաղաքական ուժի կողմից: Կարգուկանոնին պետք է հետեւել, ամեն ինչի հիմքում պետք է դնել մարդկային հարաբերությունները»:
Քննադատելով տարածքային ցուցակներով քվեարկության ներդրման համակարգը` «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչն ասել է. «Գծեր են գծվել, եւ մարդիկ արգելել են միմյանց մտնել «իրենց» տարածք: Դա ընտրությունների անցկացման սխալ ձեւ էր` մեր ժողովրդի մենթալիտետի տեսանկյունից»:
Հիշեցնենք, որ համաձայն լրատվամիջոցների` Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում վեճ է բռնկել Հայաստանի հանրապետական կուսակցության եւ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչների միջեւ: Հարձակվել են «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետի Արամ Ասատրյանի եւ դաշինքի կողմնակից Մանուկ Հովսեփյանի վրա: Երկուսն էլ դանակից ստացված հարվածների հետեւանքով տեղափոխվել են Ապարան քաղաքի հիվանդանոց:



























