«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հորդորում է ընտրողներին ապրիլի 2-ին ընտրություն կատարելիս հիշել, թե տվյալ քաղաքական ուժն ու անհատն ինչ են արել, ոչ թե ինչպիսի նախընտրական ծրագիր է ներկայացրել:
Այսօր՝ մարտի 21-ին, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանն ընդգծել է՝ այնպիսի նախընտրական ծրագրեր կան, որ թվում է՝ Շվեյցարիայում ես գտնվում:
«Արդեն 5-6-րդ ընտրությունն ա, դուք արդեն պիտի իմանաք... շատ գեղեցիկ խոսում են, մարդիկ կան, պիսի ծրագրեր են ներկայացնում, որ քեզ թվում ա՝ Շվեյցարիայում ես, բայց էդ մարդը իրական կյանքում ի՞նչ ա արել, կարողացե՞լ ա ինչ-որ գործ կազմակերպել: Ոչ մի վախենալու խնդիր չկա, սխալվելու դեպքում 5 տարի ավելի վատ ա լինելու, բայց չեմ հասկանում՝ ինչից են վախենում, ասում են՝ գործից ազատում են, էս են անում, էն են անում, բայց կարա՞ն այսօր 150-200 հազար դրամով տուն պահել»,- ասաց նա:
Ծառուկյանը կրկին հիշեցրել է, որ դաշինքի նախընտրական ծրագրի 15 կետերն անձամբ ինքն է գրել, ինչպես նաեւ ինքը պաշտոնի կարիք չունի, կրկին քաղաքականություն է վերադարձել ժողովրդի համար:
«Անկախ ամեն ինչից, թե ում կընտրեք, 15 կետերը պիտի կատարվեն, թե չէ ավելի վատ կլինի: Այնպես որ ընտրողը դուք եք, այնպես որ ոչ մի բանի համար ոչ մեկին չմեղադրեք»,- եզրափակեց գործարարը:



























