Այս տարվա ընտրությունները եւս լինելու են նախկինների նման. կլինեն բողոքի ակցիաներ, ցույցեր, բախումներ՝ գուցե նաեւ կրակոցներով։ Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (World Communication Forum Association) հետ համագործակցությամբ մարտի 21-22 Երեւանում կազմակերպված WCFDavos/Yerevan երկօրյա ֆորումի ժամանակ նշել է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը՝ հավելելով, որ Հայաստանում գրեթե բոլոր ընտրություններից հետո միշտ եղել են հետընտրական բողոքներ, արդյունքների վիճարկում, ցույցեր։
Նա կանխատեսեց, որ այս անգամ ընտրությունների արդյունքներից բողոքելու է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը:
Ինչ վերաբերվում է ընտրական գործընթացների լուսաբանմանը, Արամ Աբրահամյանը նկատեց, որ ընտրություններին մասնակցող առնվազն երեք ուժ ունի հեռուստաընկերություն, որոնք էլ ապահովում են քաղաքական PR-ը։ «Հեռուստաընկերությունների աշխատանքն այժմ մոնիտորինգի տակ է: Որքան ես գիտեմ, բոլոր հիմնական հեռուստաընկերությունները, բացի այդ երեքից, բոլորը վայրկյաններով հետեւում են, որ հավասարաչափ լուսաբանում լինի»:
Ինչ վերաբերում է սոցիալական կայքերին, «Առավոտ»-ի խմբագիրը կարծիք հայտնեց, որ դրանց դերը գերագնահատվում է. «Իհարկե նախկինում կայքերը, Ֆեյսբուքը այնքան զարգացած չէին, որքան այսօր, բայց այսօր մեր կուսակցությունները եւ նրանց քարոզողները մի փոքր գերագնահատում են դրանց նշանակությունը: «Ֆեյսբուքը» ցնցուղի շիթեր են, որոնք ընկնում են Ձեր վրա եւ կարող եք մի փոքր լողանալ։ Իսկ հեռուստաընկերությունն ամբողջ խողովակով մի բան է, որ ընկնում է գլխիդ եւ շատ ավելի ազդեցիկ է այսօր, քան Ֆեյսբուքը»։
Նշենք, որ Երեւանում այսօր՝ մարտի 21-ին, մեկնարկել է «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» խորագրով WCFDavos/Yerevan երկօրյա ֆորումը, որը կազմակերպվել է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA) եւ Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (World Communication Forum Asociation) համատեղ ջանքերով։



























