Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երբ «Գազպրոմ-Արմենիա»-ում էր աշխատում, այնքան լավ կառավարեց, որ դրա 20 տոկոսը պարտքի դիմաց տվեցինք ռուսներին, հետո էլ ասաց, որ դա լավ գործարք է: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, Նոր Մանթաշ գյուղում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արամ Զ. Սարգսյանն ու հավելեց. «Դե եթե լավ գործարք է, դու էլ քո տան լույսի փողը մի տուր, թող տունդ տան ռուսներին»:
Նա նշեց, որ նախորդ տարի ցույց են տվել, որ ՀՀ-ում 140 մլն խմ գազի կորուստ ունենք. «Այսօրվա գներով դա 40 մլն դոլար է: Դրա 20 տոկոսը տանում են մեր գրպանից: Այդ գազը չի կորել, այդ գազը իրենց բարեկամների գազալցակայաններում գազ է դառնում ու գնում իրենց գրպանը, այդտեղ է գնում»:
Արամ Սարգսյանը կոչ արեց լավը վատից տարբերել. «Դատավորը դուք եք, դուք եք տարբերելու՝ Նիկոլը լավ է խոսում Ազգային ժողովում, թե՝ չէ, Էդմոնը լավ օրենքներ գրեց, թե չէ։ Եթե սխալ ենք արել, սխալ ենք աշխատել, դրեք դատեք մեզ»:
Նա նշեց, թե բազմաթիվ անգամներ իրեն մեղադրում ու ասում են՝ «ա՛յ, դու վարչապետ էիր, ինչ արեցիր»։ «Ժողովուրդ ջան, ես չեմ սիրում էդ թեմայով խոսել, բայց ես որ թվարկեմ, էս Կարեն Կարապետյանի ուշքը կգնա։ Շատ պարզ ուզում եմ ձեզ ասել՝ իմ վարչապետության շրջանում՝ հոկտեմբերի 27-ից հետո, էն ձեւի իրավիճակ էր, որ բոլորը բոլորին կասկածում էին։ Ինձ խնդրել են, որ ես գամ, ես չեմ ուզել։ Հավատացեք՝ որեւէ մեկին չեմ ցանկանում էն, որ եղբոր մահից հետո գնա նստի եղբոր աթոռին, զգա էդ հոտը։ Բայց ես գնացել եմ դրան։ Դրանից հետո ես ազգային համաձայնության կառավարություն եմ ստեղծել։ Թող որեւէ վարչապետ չասի, որ ինքը քաղաքական էդպիսի քայլ է արել։ Նույնիսկ Սերժ Սարգսյանը խոստացավ, չկարողացավ, երազի էլ, չի կարողանալու»:
Արամ Սարգսյանը հայտարարեց, որ իր կառավարության մեջ չի եղել ԱԺ-ում ներկայացված որեւէ ուժ, որ կառավարության անդամ չունենա, նույնիսկ կոմունիստներն են ունեցել, Վազգեն Մանուկյանն է ունեցել. «Ես վերագործարկել եմ գործարաններ: «Նաիրիտը» կանգնած էր 4 տարի, ես վերագործարկել եմ, որն աշխատել է շահույթով: Կապանի, Ագարակի գործարաններն եմ վերագործարկել: Քաջարանի գործարանը սնանկանում էր, որովհետեւ մոլիբդենը նախկին նախագահ Քոչարյանը էստեղ մի գործարարի հետ «Մաքուր երկաթում» ֆերոմոլիբդեն էր անում, գործարանի փողը չէր տալիս եւ քառակո օգուտ էին ստանում: Ես այնտեղ գնացել վառարան եմ դրել»,-ասաց նա:




























