«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանն ավելի քան երկու շաբաթ քարոզարշավ է իրականացնում մարզերում եւ չի հանդիպել որեւէ մեկին, որը սատարում է կամ ցանկանում է աջակցել Հանրապետական կուսակցությանը։
«ՀՀԿ–ի օգտին քվեարկելու են այն քաղաքացիները, որոնք վախենում են այն կեղծ տեղեկությունից, թե ընտրական տեղամասում տեսախցիկներ են տեղադրված, որոնք արձանագրում են քաղաքացին ում օգտին քվեարկեց»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արամ Մանուկյանը:
«Վիճակը լուրջ է, էս ձեւի թշվառություն ու հիասթափություն ես չէի տեսել երբեք: Այս քարոզարշավին ուղղակի անմիջապես թաղվեցի դրա մեջ, բայց էսպես երկար ձգվել չի կարող, մարդկանց շրջանում էս խեղճությունը կարող է վերածվել ըմբոստության, վերջապես իշխանություններին ուղղված ապտակի։ Այս ընթացքում չեմ հանդիպել մի մարդու, որ Հանրապետական կուսակցության նկատամամբ հարգանք ունենա, նույնիսկ գյուղապետերն են եկել մեր հանդիպումներին եւ զզված են: Չկա այդպիսի մարդ, չեմ տեսել այդպիսի մարդու, որ աջակցի կամ ձայն տա իշխանությանը։ Մի բան կա, որ կան մարդիկ, որոնք վախենում են, թե իբր իրենց վերահսկում են ընտրատեղամասում ու կարող են իմանալ՝ ում օգտին են քվեարկելու»,–ասաց Արամ Մանուկյանը։
Ըստ պատգամավորի՝ այս թշվառությունը հատուկ տեխնլոգիայի հետեւանք է, որ մարդկանց համար ընտրակաշառքը դառնա փրկություն։ «Երկրներ կան, որ հատուկ տեխնոլոգիա են կիրառում՝ քաղաքացուն հասցնել այն վիճակի, որ 5000 դրամ տվողն ու 1000 կվ հոսանքի գումարը վճարողը դառնան իր Աստվածը։ Մարդիկ վարկ են վերցնում, որ վարկը փակեն։ Մարդիկ ընտրակաշառքը համարում են փրկություն, բայց ախր դա պետք չի վերցնել, մի ամսվա համար ծախում ես հոգիդ, բայց վաճառողը մի աբողջ 5 տարի քեզ ոչնչացնելով է զբաղվում։ Իրենց ու իրենց երեխաների ապագան վաճառում են ու հետո դժգոհելով արտագաղթում։ Ով ուզում է լինի, եթե հիմա չգնա այս կիսապատերազմ վիճակից դուրս գալու քայլին, ավելի կվաթարանա վիճակը, մեր երկիրը ոչնչացման եզրին է, բացարձակ չեմ գունավորում»։



























