Աշխատանքի ընդունելը չպետք է լինի ծանոթով կամ զանգով: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասել է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ սա վերաբերում է հատկապես կառավարման ոլորտում աշխատանքի ընդունելուն:
«Պիտի նայել, թե ինչքան արդյունավետ է նա, ինչքան ջերմ է եղել մարդկանց հետ, եթե քեզ հարցով դիմում են, կարաս թեկուզ հարցը չլուծես, բայց պիտի ջերմ լինես: Կյանքն աստիճան ա, ոչ մեկն իր տեղում չի մնալու, մեկը բարձրանում ա, մեկը իջնում ա, մեկը կանգնում ա»,- ասաց նա:
Ծառուկյանը նշեց, որ ինքը չի խնդրում ձայնն իրեն տալ, քանի որ հաջողության դեպքում իր թիմի համար էլ է դժվար լինելու: Նա հորդորեց ձայն տալ նրան, ում հետ հույս են կապում, չառաջնորդվել խնամի- ծանոթ- բարեկամ սկզբունքով: Այնուամենայնիվ, գործարար պատգամավորը հիշեցրեց, որ ինքը պաշտոնի, համբավի կարիք չունի, պարզապես ցանկանում է ժողովրդին օգտակար լինել:
«Որտեղ մտնում եմ, ասում են՝ Ծառուկյան ջան փրկի, Ծառուկյան ջան փրկի: Իմ սպիտակ կյանքը թողել եմ, եկել եմ մտել ծանրության տակ: Աշխարհով մեկ ճանաչում ունեմ ես, հարգանք, վերաբերմունք ունեմ: Պարոն Ծառուկյանը հայ այզգի պատիվն էնքան բարձր ա պահել, որ միշտ դրոշ ա բարձրացել, հիմն ա հնչել: Մարդ կա, բացի մեծ- մեծ խոսալուց ի՞նչ ա արել, որ քաղաքականությունից խոսում ա, 5 հատ միջազգային հանդիպում կազմակերպե՞լ ա: Պիտի գան, մի հատ տներով մտնեն. մարդիկ ցուրտ տեղն են ապրում, գազ չեն վառում, լույս չեն վառում, մարդիկ 6 ամիս միս չեն օգտագործում, բայց մարդիկ 21-րդ դարում են ապրում չէ՞»,- ասաց նա:
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը մարտի 21-ից քարոզարշավ է իրականացնում Սյունիքի մարզում:




























