Խաղաղության մասին «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հայեցակարգը Հայաստանում հանրաճանաչ է դառնում: Մարտի 22-ին՝ Սեւանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ելույթ ունենալիս այս մասին հայտարարեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքից պատգամավորի թեկնածու, ՀԱԿ-ի փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ դա, սակայն, տեղի է ունենում դժվարությամբ: «Քանի որ 20 տարի շարունակ իշխանությունը ժողովրդին ներշնչել է, որ մենք խնդիր չունենք, մեր բանակն ամենաուժեղն է, ղարաբաղյան հարցն այսպիսով լուծված է: Իսկ անցյալ տարվա ապրիլին բոլորի աչքերը բացվեցին: Մարդիկ տեսան, որ այդ ամենը պղպջակ էր: Եվ այն տարածքները, որոնք ազատագրվել էին եւ ամրագրվել 1994 թվականի հրադադարի համաձայնագրով, հանկարծ սկսեցին զիջել, հանկարծ տեսան, որ զինծառայողների վիճակը վատ է, որ արդեն մոտ 1 մլն մարդ Հայաստանը լքել է, հանկարծ տեսան, որ Ռուսաստանն արդեն մեզ չի աջակցում: Այս ամենը տեղի է ունեցել մեկ պարզ պատճառով՝ մենք անպատասխանատու իշխանություն ունենք, որն արտաքին քաղաքականության ոլորտում ոչ մի հաջողություն չի գրանցել»,- ընդգծեց Մանուկյանը: