Թերթը տեղեկացնում է, որ Հայաստանի Վերահսկիչ պալատը 2008-2009 թվականներին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ պետբյուջեից հատկացված միջոցների օգտագործումը վերահսկելով եզրակացրել է, որ 2008 թ. հանրապետության մարզերում դասընթացներ կազմակերպելու նպատակով գործուղված ԿԸՀ-ի աշխատակիցներին ավելի է վճարվել 1 մլն 170 հազար դրամ` գիշերավարձի եւ 947,5 հազ. դրամ ճանապարհածախսի գումար, ընդամենը 2 մլն 117 հազար դրամ, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:
2009-ին կատարված հիմնական միջոցների գույքագրմամբ արձանագրվել են տարբեր ծրագրերով ձեռք բերված հիմնական միջոցներ` 79 մլն 423 հազար դրամ ընդանուր արժեքով, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 16.07.2009 թ. թիվ 805-Ա որոշմամբ ԿԸՀ-ին են ամրացվել 2 մլն 852 հազար դրամ արժողությամբ հիմնական միջոցներ, որոնք սակայն հաշվապահական ձեւակերպում չեն ստացել եւ հաշվեկշռում չեն արտացոլվել:
2009 թ. նկարահանված 5 մլն 628 հազ. դրամ արժողությամբ ուսուցողական ֆիլմը որպես նյութական արժեք հաշվապահական ձեւակերպում չի ստացել եւ հաշվեկշռում չի արտացոլվել: ԿԸՀ-ի կողմից չեն հաշվառվել եւ հաշվեկշռում չեն արտացոլվել` ավտոմեքենաների վառելիքի եւ տպագրական թղթի մնացորդները, այլ կազմակերպությունների հետ դեբիտորական եւ կրեդիտորական պարտքերը:
ՀՀ ԿԸՀ-ի գլխավոր աուդիտորը միաժամանակ զբաղեցնում է նաեւ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: 2008-2009 թթ.-ի ընթացքում ԿԸՀ-ն խախտել է «ՀՀ գնումների մասին օրենք»-ի պահանջները: Վերահսկիչ պալատն այս ուսումնասիրությունների արդյունքում մի շարք առաջարկներ է արել ԿԸՀ-ին, այդ թվում` ավել վճարված գործուղման գումարները (2 մլն 117 հազար դրամ) բյուջե վերականգնելու ուղղությամբ:




























