ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը, նշելով, որ նման ձեւաչափով վերջին հանդիպումից հետո շուրջ մեկ տարի է անցել, ասել է, որ այդ ժամանակը հնարավորություն է տալիս խոսելու ձեռք բերված պայմանավորվածությունների ու դրանց իրականացման ընթացքի մասին: Ըստ երկրի ղեկավարի, չնայած գլոբալ ֆինանսատնտեսական ճգմաժամի հարուցած դժվարություններին, տարբեր ծրագրեր իրականացվել եւ իրականացվում են:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել արտերկրում բնակվող հայ գործարարների դերը ինչպես մեր երկրի ու ժողովրդի հեղինակության եւ ճանաչելիության բարձրացման, այնպես էլ հայապահպանության ու Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:
Սերժ Սարգսյանը նման պարբերական հանդիպումների անհրաժեշտությունը պայմանավորել է նաեւ այն հանգամանքով, որ տեղի են ունենում մեր երկրի ու ժողովրդի կյանքին առնչվող կարեւորագույն իրադարձություններ եւ գործարարներին տեղեկացրել է արտաքին քաղաքական վերջին զարգացումների մասին:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ Սփյուռքի, մասնավորապես՝ ռուսահայության ներուժի առավել արդյունավետ համադրման եւ օգտագործման հնարավորություններին, գործող կազմակերպությունների աշխատանքի ակտիվացման հետ կապված հարցեր:




























