Ազգային անվտանգության ծառայությունը չի մեկնաբանում մամուլի այն տեղեկությունը, ըստ որի ԱԱԾ-ին հրահանգ է իջեցվել վերացնել
հայաստանյան մի շարք օլիգարխների եւ պաշտոնյաների տներում եւ ամառանոցներում առկա մինի-խաղատները: «Ես այդպիսի բան չգիտեմ եւ տեղեկություն չունեմ այդ մասին: Ես չեմ մեկնաբանում թերթի հրապարակած տեղեկությունը, դա թերթի տեղեկությունն է, նման հրահանգ չի եղել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը:

Նշենք, որ մամուլի հրապարակումների, հայաստանյան տարբեր օլիգարխներ եւ պաշտոնյաներ մինի-խաղատներ ունեն իրենց տներում եւ ամառանոցներում, որտեղ  հավաքվում է խաղացողների նեղ շրջանակ եւ խաղում են շատ մեծ փողերի վրա: Սակայն ամերիկյան հայտնի դեպքերից՝ Պզոյի հանցախմբի հայտնաբերումից հետո իշխանությունը մտահոգվել է այս առթիվ, կարծելով, թե այս խաղատներն անվտանգ չեն՝ դրանք կարող են ֆիքսվել եւ օրերից մի օր որպես կոմպրոմատ ներկայացվել իրենց ռուսական եւ ամերկյան հատուկ ծառայությունների կողմից: Այդ նպատակով էլ հրահանգվել է ԱԱԾ-ին՝ հայտնաբերել եւ վերացնել այդ ապօրինի որջերը: