Տիբեթական բուդդիզմի չորս դպրոցներից մեկի առաջնորդ Տրինլե Տխաե Դորջեն, որը համարվում է Կարմապա 17-րդ, հրաժարվել է հոգեւոր կոչումից, որպեսզի ամուսնանա մանկության ընկերուհու հետ, հայտնում է Hindustan Times–ը։

Կարմապան 12-րդ դարում ապրած Կարմա Կագյուի գծի ղեկավարն է։ Քանի որ ըստ Բուդդայի ուսմունքի՝ բոլոր արարածները վերածնվում են, իսկ լուսավորյալները վերածնվում են գիտակցաբար, Կարմապայի մահից հետո նրա հետեւորդները սկսել են փնտրել այն մարդուն, ում մեջ նա վերածնվել է։ Ընդ որում յուրաքանչյուր Կարմապա իր կյանքի վերջում գրավոր կամ բանավոր ցուցումներ է թողնում այն մասին, թե հաջորդ վերածնունդի ժամանակ որտեղ կարելի է որոնել իրեն։ Ընդ որում համարվում է, որ վերածնվելուց հետո Կարմապան դեռ մանկուց կարող է ինքն իրեն գիտակցել՝ ասելով «Ես Կարմապան եմ»։ Հիմա այս հարցում տեսակետները բաժանվել են երկու ճամբարի։ Մի մասը համարում է որ Կարմապայի վերամարմնավորումը Տրինլե Տխաե Դորջեն է, բայց մյուսներն էլ իրենց առաջնորդն են համարում Ուրգյեն Տրինլե Դորջեին։

«Ես կանխազգացում ունեմ, որ ամուսնանալու իմ որոշումը դրական ազդեցություն է թողնելու ոչ միայն իմ, այլեւ իմ ամբողջ տոհմի վրա։Բոլորիս համար էլ դա օգտակար ու հրաշալի կլինի»,- ասել է Տրինլե Տխաե Դորջեն։

Սակայն Տրինլեն չի հրաժարվել Կարմապայի տիտղոսից ու մտադիր է շարունակել իր գործունեությունը որպես բուդդայական դպրոցի առաջնորդ։

Իսկ լամայի ընտրյալը նրա մանկության ընկերուհին է, որը հիմա 38 տարեկան է։ Տրինլեն ծնվել է Տիբեթում՝ բարձրագույն լամայի ու մի ազնվազարմ կնոջ ընտանիքում։ Ըստ պաշտոնական կենսագրության, տղան մեկուկես տարեկանում հայտարարել է, որ ինքը Կարմապայի վերամարմնավորումն է։