Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին ենթադրում է, որ Ուկրաինայի նախագահն իրենից վախենում է եւ ցանկանում է «առանց թիմի թողնել»: Սահակաշվիլին այս մասին հայտարարել է Facebook-ում՝ մեկնաբանելով Մարիա Գայդարի նշանակումը նախագահի խորհրդականի պաշտոնում:
«Որքան ինձ հայտնի է, նրան 3 ամիս համոզել են, իսկ զուգահեռ նախագահն անհատական հանդիպումներ է ունեցել Սոլոմիա Բոբրովսկայայի եւ Օդեսայի մեր թիմի ուրիշ անդամների հետ՝ նրանց պաշտոններ առաջարկելով: Սա երկուսից մեկն է նշանակում՝ կա՛մ Պորոշենկոն հոգու դեմ մեղանչել է, երբ ասում էր, որ ես Օդեսայում արդյունավետ չեմ եղել: Իսկ ինքը հակառակ կարծիքի է, որ Օդեսայում մենք սուպերթիմ ենք ունեցել, եւ ցանկանում է նրա ներկայացուցիչներին իր մոտ տանել: Կա՛մ նա ինձնից շատ է վախենում եւ կարծում է, որ ես կարող եմ իրեն ուժգին վնասել, եւ փորձում է առանց թիմի թողնել»,- գրել է Սահակաշվիլին:




























