«Հայաստան» մարզական միություն հասարակական կազմակերպության սպորտային հրապարակում այսօր՝ ապրիլի 7-ին, անցկացվել է պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական մարզական առաջնություն, որին մասնակցում էին Երեւան քաղաքի պատանի հրշեջ-փրկարարների առաջնության առաջին երեք տեղեր զբաղեցրած եւ ՀՀ մարզերի հավաքական թիմերը` ընդհանուր 13 թիմ: Մրցաշարի կազմակերպիչն է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Առաջնությանը հետեւելու եւ մասնակիցներին ողջունելու էին եկել ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը եւ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը:

Մանկապատանեկան մրցաշարն անցկացվում է hասարակական եւ անձնական անվտանգության հարցերի նկատմամբ աճող սերնդի մոտ պատասխանատվության եւ գիտակից վերաբերմունք ձեւավորելու, էքստրեմալ իրավիճակներում կողմնորոշվելու, գործնական գիտելիքներ ստանալու, առողջ ապրելակերպի, երիտասարդ սերնդի ֆիզիկական, հոգեբանական զարգացման, ինչպես նաեւ այլ երկրների պատանի հրշեջների եւ փրկարարների միջեւ փորձի փոխանակման նպատակով:

ՀՀ օրհներգի հնչյունների ներքո բարձրացվեց Հայաստանի դրոշը եւ հայտարարվեց մրցաշարի հանդիսավոր բացումը:

Հրշեջ-փրկարարական թիմերը մրցում էին հետեւյալ մարզաձեւերում.

• Վազք 100 մ (տղաներ)

• Վազք 60 մ (աղջիկներ)

• Մարտական հագուստի հագնում

• Ձգում կախ դրությունից (տղաներ)

• Հրում հատակից (աղջիկներ)

• Վազք 500 մ (տղաներ եւ աղջիկներ)

• Փոխանցումավազք 4x100 մ:

Մրցաշարի ընդհանուր արդյունքներով՝ պատանի հրշեջ-փրկարարական հանրապետական մարզական առաջնության առաջին տեղը գրավեց Արարատի մարզի հավաքական թիմը, իսկ Երեւանի թիվ 180 հիմնական դպրոցի եւ Շիրակի մարզի հավաքական թիմերը զբաղեցրին համապատասխանաբար` երկրորդ եւ երրորդ հորիզոնականները: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին հանձնվեցին դիպլոմներ, իսկ մյուս մասնակիցներին՝ հավաստագրեր:

Նշենք, որ ՀՀ ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի եւ մարզային փրկարարական վարչությունների կողմից Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ մարզպետարանների համապատասխան ոլորտների պատասխանատուների հետ համատեղ 200 եւ ավելի սովորողներ ունեցող հանրակրթական դպրոցներում ստեղծվել են պատանի հրշեջ փրկարարական 619 թիմեր` 11-ից 17 տարեկան 5230 աշակերտներով: Նշված թիմերի հետ պարբերաբար անցկացվում են տեսական եւ գործնական պարապմունքներ: Մինչեւ պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական մարզական առաջնությունը՝ յուրքանչյուր տարի՝ մարտ ամսին, ՀՀ բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքում անցկացվում են մարզային առաջնություններ, որոնց ընթացքում լավագույն արդյունք ցուցաբերած թիմերն ու մասնակիցներն ապրիլին մասնակցում են հանրապետական առաջնությանը: