«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում ապրիլի 7-ին մահացած 28-ամյա դատապարտյալ Արսեն Գրիգորյանը 10 օր առաջ հետազոտության է ենթարկվել «Գյումրի» բժշկական կենտրոնում: NEWS.am-ին այսօր՝ ապրիլի 8-ին, բժշկական կենտրոնից հայտնեցին, որ Արսեն Գրիգորյանին հետազոտությունից հետո նույն օրը կրկին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ: Նրա մոտ հետազոտության արդյունքում հայտնաբերվել է կերակրափողի սողացող ճողվածք երկրորդ աստիճանի, խրոնիկական էզոսագիտ, նշանակվել է դեղորայքային բուժում:

Ավելի վաղ Քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ Արսեն Գրիգորյանը ստացել է դեղորայքային բուժում:

Նշենք, որ մահացած դատապարտյալը Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ էր, Արսենը 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել ավազակային հարձակման համար, նա արդեն 4 տարի անազատության մեջ էր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Արթիկ» ՔԿՀ-ում ապրիլի 7-ին մահացել է 28-ամյա դատապարտյալ: Քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանի խոսքով, նա հանկարծամահ է եղել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: