Յուրաքանչյուր նախարարությունից, գերատեսչությունից սպասում ենք նաեւ 5 տարվա ծրագիր՝ հատուկ ուշադրություն դարձնելով 2017 թվականին, որպեսզի բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարվեն, եւ նորմալ հիմք ստեղծենք 2018 թվականի համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, կառավարությունում գերակա խնդիրների եւ միջոցառումների կատարման ընթացքը քննարկելու ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ դիմելով բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է 2017 թ. համար նախատեսված 8 գերակա խնդրի եւ 6 միջոցառման կատարման ընթացքը: Անդրադառնալով Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման աշխատանքներին՝ նախարարը զեկուցել է, որ սահմանված գործողությունների իրականացմամբ այս տարի նախատեսվում է 1.6 մլրդ խմ օգտագործվող ստորերկրյա ջրերի ծավալը նվազեցնել 570 մլն խմ չափով, հասցնել մինչեւ 1.1 մլրդ խմ վերականգնվող պաշարին, որն այսօր փաստացի ամրագրված է օրենքով: Բայց թիրախն այդ ծավալը մինչեւ 800 մլն խմ իջեցնելն է՝ վերականգնումն ավելի առաջանցիկ տեմպերով իրականացնելու համար: Դա, նախարարի խոսքով, բերելու է նաեւ ձկնաբուծական տնտեսություններում եւ մյուս ոլորտներում ջրառաջարկի հայտերի վերանայմանն ու ջրօգտագործման թույլտվությունների փոփոխմանը:

Վարչապետը հետաքրքրվել է բնապահպանության ոլորտի ներդրումային ծրագրերի ուղղությամբ կատարվող աշխատանքներից: Արծվիկ Մինասյանը զեկուցել է, որ այս պահի դրությամբ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն է ներկայացվել 25 նախագիծ, այդ թվում՝ Գառնու ճոպանուղու, «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման ծրագրերը։

Կառավարության ղեկավարը, ամփոփելով խորհրդակցությունը, հանձնարարել է նախարարներին եւ գերատեսչությունների ղեկավարներին՝ վերլուծել առաջին եռամսյակի համար նախատեսված գերակա խնդիրները, միջոցառումները, ներդրումային ծրագրերը: «Յուրաքանչյուր նախարարությունից, գերատեսչությունից սպասում ենք նաեւ 5 տարվա ծրագիր՝ հատուկ ուշադրություն դարձնելով 2017 թվականին, որպեսզի բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարվեն, եւ նորմալ հիմք ստեղծենք 2018 թվականի համար», - ասել է վարչապետը:

Անդրադառնալով ՀՀ կառավարության վերջին նիստում տրված հանձնարարականներին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ հաջորդ շաբաթվանից նախարարություններն ու գերատեսչությունները պետք է սկսեն հաշվետվություն ներկայացնել 6-ամսյա գործունեության վերաբերյալ: