2016-ին աշխարհի 23 երկրներում առնվազն 1000 մարդ է մահապատժի ենթարկվել։ Մահապատիժների մեծ մասը իրականացվել է հինգ պետություններում՝ Չինաստանում, Իրանում, Սաուդյան Արաբիայում, Իրաքում ու Պակիստանում։ Այս մասին Նյու Յորքում մամուլի ասուլիսի ժամանակ ասել են Amnesty International–ի փորձագետները՝ ներկայացնելով մահապատիժների մասին 2016-ի զեկույցը։
Չինաստանը մահապատիժների իրականացման առաջատար է մնում, չնայած իրական տվյալները հայտնի չեն, քանի որ Չինաստանում դա պետական գաղտիք է համարվում։
2016-ի տվյալների առանձնահատկությունն այն է, որ ԱՄՆ-ն 2006-ից հետո առաջին անգամ չի մտել «դահիճների» հնգյակ։ Անցած տարի ԱՄՆ-ում 20 մարդ է մահապատժի ենթարկվել, ինչը 1991-ից հետո ամենացածր ցուցանիշն է։
Զեկույցի հեղինակները նշում են մահապատժի կիրառման ծավալների կրճատման դրական միտումը։ Եթե 1997-ին մահապատիժ կիրառվում էր 40 երկրներում, ապա 2016-ին դրանց թիվը 23 է եղել։ Միաժամանակ մի շարք երկրներում՝ Բելառուսում, Բոստվանայում, Նիգերիայում ու Պաղեստինում մահապատիժները վերականգնվել են։
Այսօրվա դրությամբ աշխարհի 104 երկրներ օրենսդրորեն չեղարկել են մահապատժի իրականացումը։ Եւվ 37 պետություններում գործում է մահապատժի կիրառման մորատորիում։




























