Հայկական ատոմակայանը ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին չի դիմել Հայկական էլեկտրացանցերին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտով։ Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Հանձնաժողովի մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ որոշ լրատվամիջոցներ այսօր` նոյեմբերի 17-ին տեղեկություն են հրապարակել, ըստ որի, հայկական ատոմակայանը միջուկային վառելիքի թանկացման հետեւանքով ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնել։ Ատոմակայանի էլեկտրաէներգիան ցանցերին ներկայումս առաքվում է 4,604 դրամով (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ 1 կՎտժ դիմաց։ Ընդ որում՝ Հանձնաժողովը սույն սակագինը հաստատել է վերջերս՝ այն գործում է 2010 թ. ապրիլի 1-ից։ Մինչ այդ գործող սակագինը 3,253 դրամ էր։
ՀԱԷԿ-ը 2010 թ. հունվար-սեպտեմբերին արտադրել է մոտ 2 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա՝ 5 տոկոսով ավելի, քան նախորդ տարի։ Սա Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 42 տոկոսն է։





























