Պակիստանում, հենց ուսանողական կամպուսում, ուսանողին ծեծելով սպանել են աստվածանարգության համար, հայտնում է Reuters–ը։

Դեպքը տեղի է ունեցել Փեշավար քաղաքում։ Ոստիկանության տվյալներով 10 ուսանողներ «Ալլահ ակբար» բղավելով հարձակվել են իրենց համակուրսեցու՝ Մաշալ Խանի վրա, մերկացրել նրան ու մահակներով ծեծել այնքան մինչեւ նրա գանգը ճաքել է։ Շուրջը կանգնած ուսանողները անտարբեր նայում էին այդ տեսարանին՝ չփորձելով օգնել Խանին ու իրենց սմարթֆոններով տեսագրում ծեծը։ Մաշալ Խանի մահանալուց հետո մարդասպաները փորձել են այրել նրա մարմինը։

Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողներին։ Հարցաքննության ժամանակ նրանք բացատրել են, որ Խանի վրա բարկացել էին, քանի որ նա սոցցանցերում աստվածանարգ կոնտենտ էր տարածել, բայց չեն կարողացել նշել, թե հատկապես որ հաղորդագրությունն է նրանց այդաստիճան կատաղեցրել։ Լրագրության ֆակուլտետի ուսանող Խանի դասախոսները պատմել են, որ նա հաճախ էր քննադատում երկրի քաղաքական համակարգը, բայց երբեք չէր անդրադառնում կրոնական թեմաներին։