Բրազիլիայի իրավապահ մարմինները հետաքննում են դեռահասների ու երիտասարդների մի քանի ինքնասպանություններ, որոնք կապակցված են «Կապույտ կետ» խաղի ու այսպես կոչված «մահվան խմբերի» հետ, փոխանցում է Folha de São Paulo–ը։

Պարբերականը գրում է, որ Բրազիլիայի առնվազն երեք նահանգներում բացվել են քրեական գործեր այն բանից հետո, երբ դեռահասներն ու երիտասարդները իրենք իրենց վնաս են հասցրել կամ էլ ինքնասպան եղել՝ համացանցում ստացած հանձնարարությունների ազդեցության տակ։ Եվ այսպես, Մատու- Գրոսու նահանգում ոստիկանությունը, ուսումնասիրելով 16-ամյա աղջկա ինքնասպանության հանգամանքները, հայտնաբերել է  այդ խաղի կանոնների մասին նրա գրառումները։ Դեռահասին առաջարկել էին խիստ հաջորդականությամբ կատարել հետեւյալ գործողությունները ՝ գրկել ծնողներին, ներողություն խնդրել ու ինքնասպան լինել։ Հայտնում են նաեւ, որ մահվանից առաջ աղջկա ձեռքերի ու ոտքերի վրա կտրվածքներ էին հայտնվել

Պարբերականը դիմել է դեռահասների ծնողներին՝ կոչ անելով ավելի ուշադիր լինել երեխաների նկատմամբ ու դիմել ոստիկանություն՝ «Կապույտ կետ» խաղի մասին ցանկացած տեղեկություն ստանալու դեպքում։ Բրազիլիայում ինքնասպանության դրդելը պատժվում է երկուսից վեց տարի ազատազրկումով։

Թերթը նշում է, որ «Կապույտ կետ» վիրտուալ խաղը, որը ենթադրաբար ինքնասպանությունների է դրդում, Ռուսաստանից է տարածվել, որտեղ այն սոցցանցերում էր հայտնվել։