Նորաձեւության աշխարհը երբեք չի դադարում զարմացնել։ Այնտեղ մի խենթությունը փոխարինվում է մեկ այլ՝ ավելի խելահեղ թրենդով։ Բայց եթե առաջ ստեղծագործական որոնումները, որպես կանոն, սահմանափակվում էին նորաձեւության հավաքածուների ցուցադրությունների շրջանակով, ապա սոցցանցերի դարաշրջանում այդ խենթությունը դարձել է գրեթե համատարած, գրում է «Ռոսբալտը»։
Հիմա, ու ոչ միայն նորաձեւության աշխարհում, կարեւոր չէ, թե ինչ ես հրապարակում համացանցում, կարեւորն այն է, թե ինչպես են քո հրապարակածն ընկալում։ Եվ վերջին ինսթագրամ- թրենդը հաստատում է այս դիտարկումը։
Մի քանի օր առաջ ֆինն վիզաժիստ Ստելա Սիրոնենը որոշել էր կատակել եւ հրապարակել էր փետուրի տեսք ունեցող հոնքերով լուսանկար՝ լուսանկարի տակ գրելով, որ դա նոր թրենդ է։
Բայց համացանցը դա լուրջ էր ընդունել ու նորաձեւությունը տարածվել էր, անտառային հրդեհի նման։ Հիմա արդեն բազմաթիվ աղջիկներ հրապարակում են փետրաձեւ հոնքեր ստանալու իրենց փորձերի արդյունքները։































