Ամերիաբանկն ընթացիկ տարվա նոյեմբերի 18-ին «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպել է դասական ֆակտորինգի ծառայության վերաբերյալ սեմինար պարապմունք` տնտեսության տարբեր ոլորտների գործարարների մասնակցությամբ: Սեմինար պարապմունքի կազմակերպումը նպատակ ուներ գործարար հասարակությանը ներկայացնել ծառայության կարեւորությունն ու առավելությունները ներկայիս ֆինանսական շուկայի պայմաններում, լուսաբանել ծառայության պայմանները եւ առաջարկել փոխշահավետ համագործակցություն: Մասնակիցները ներկայացնում էին գործունեության ամենատարբեր ուղղություններ` շինարարություն, բեռնափոխադրում, դեղագործություն, գովազդ եւ այլն:
Սեմինարի մասնակիցները ծանոթացել են Ամերիաբանկի դասական ֆակտորինգի նոր ծրագրին, (առանց ռեգրեսի իրավունքի ֆակտորինգային ֆինանսավորում), որի ներքո Բանկը պատրաստ է ձեռք բերել իր կողմից հրապարակած ցանկում ընդգրկված ընկերությունների հանդեպ մատակարարների ունեցած դրամական պահանջները` վճարելով մատակարարված ապրանքի/ծառայության զեղչված արժեքը. զեղչատոկոսը` սկսած տարեկան 14 տոկոսից, ֆինանսավորումը` ՀՀ դրամով: Ամերիաբանկը հայտնել է իր պատրաստակամությունը` քննարկելու առաջարկություններ հրապարակված ցուցակը համալրելու վերաբերյալ:
Սեմինարն անցել է բուռն քննարկումների պայմաններում:
Ի նկատի ունենալով հաճախորդների օրեցօր աճող հետաքրքրությունն առաջարկվող դասական ֆակտորինգի նոր ծրագրի նկատմամբ, ինչպես նաեւ հեռախոսազանգերով բազում հարցադրումները` Ամերիաբանկը նախատեսել է շարունակել սեմինար պարապմունքները` կազմակերպելով դրանք առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, շաբաթական երկու օր` երեքշաբթի եւ հինգշաբթի օրերին:




























