«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Արծրունի Աղաջանյանն արձագանքել է քաղաքագետներ Երվանդ Բոզոյանի եւ Լեւոն Շիրինյանի այսօր ասուլիսում արտահայտած տեսակետներին: Վերջինս ՕԵԿ-ը համարել էր «շնիկ կուսակցություն», որին ընտրությունների ժամանակ կարող է օգտագործել գլխավոր կուսակցությունը:
«Օրինաց երկրի» դերն ու կշիռը Հայաստանի քաղաքական դաշտում միշտ եղել է բարձր ու այսօր էլ կուսակցությունը օր-օրի հզորանում է: Դրա համար մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչու մեր վարկանիշը վերջին շրջանում խիստ անհանգստացնում է արդուկած ուղեղներով շնիկ քաղաքագետներին ու նրանց տերերին, որոնք սկսել են ամեն առիթ օգտագործելով իրենց շնիկներին ուղղորդել վայրահաչությամբ վարկաբեկելու ՕԵԿ – ին»,- ասել է Ա. Աղաջանյանը:
«Միշտ ուզել եմ հասկանալ, թե ի՞նչ տեսակ է այս մարդկանց տեսակը եւ ի՞նչ դավաճանության մասին են նրանք անընդհատ խոսում: Եվս մեկ անգամ որոշ քաղաքագետի իմիտացիա ստեղծողներին ասեմ`«Օրինաց երկիր» - ը մշտապես հավատարիմ է իր ընտրողներին: Մենք մաս կազմեցինք կոալիցիային, որ իրականություն դարձնենք մեր նախընտրական ծրագրերը, ինչի համար շուրջ 300 հազար մարդ քվեարկել էր Արթուր Բաղդասարյանի օգտին: Ի դեպ, ինչ վերաբերում է պարզեցված հարկի շեմի կրկնակի բարձրացմանը, ապա մեր նախընտրական ծրագրերում նման դրույթ չկա, ավելին փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման հետ կապված մեր խոստումները մենք իրականություն ենք դարձնում, ինչի վառ ապացույցն է նաեւ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Օրինաց երկիր» խմբակցության եւ կառավարության համատեղ աշխատանքի արդյունք` «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Եվ քանի, որ երազատեսությունը եւ իրականությունը տարբեր բաներ են, ապա խորհուրդ կտանք այդ թշվառ քաղաքագետներին արթնանալուց հետո լվացվել, ուշքի գալ, հետո անցնել օգտագործման` սպասարկելով այս կամ այն պատվիրատուին, որը ձեզ հրապարակ է շպրտել:
Եվ վերջապես բոլորին էլ հասկանալի է, թե ինչու Բոզոյանին ու նրա նմաններին այդքան խիստ անհանգստացնում է մեծ ու փոքր կուսակցությունների վարկանիշն ու տոկոսները: Մեզ համար էլ պարզ է, թե պատվերի քամիները որ կողմից են փչում: Եվ ինչպես արեւելյան իմաստությունն է ասում. «շունը հաչում է, իսկ քարավանը իր ընթացքով գնում»,- նման էմոցիոնալ պատասխան է հղել ՕԵԿ-ական պտգամավորը:
Հիշեցնենք, որ այսօր ասուլիսում քաղաքագետ Լեւոն Շիրինյանն ասել էր, որ Հայաստանի քաղաքական դաշտում ընդունված է կիրառել տեխնոլոգիան, երբ մեկ գլխավոր կուսակցության կողքին ստեղծում են մի քանի «շնիկ» կուսակցություններ, որոնք իրականում կուսակցություններ չեն, այլ՝ խաղաքարտեր: «Իշխանությունները կփորձեն կիրառել ուժեր՝ «Օրինաց երկիր», հորինած երկիր եւ այլն: Կփորձեն, կլինի՝ կլինի, չի լինի՝ նոր ֆավորիտ կբերեն մեջտեղ»,- ասել էր նա: Իսկ քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էլ ՕԵԿ-ի կշռի մասին խոսելիս ասել էր. «ՕԵԿ-ը 2008-ին խոստանում էր խրախուսել միջին եւ փոքր բիզնեսին, սակայն 2008-ին մտավ կոալիցիա եւ ծպտուն չհանեց իր այդ ծրագրի մասին: Ինչպե՞ս կարելի է խոսել այդ կուսակցության վերակենդանացման մասին, երբ այն դավաճանեց իր բոլոր սկզբունքներն ու գաղափարները»:





























