«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանն այսօր` նոյեմբերի 19-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հանդես է եկել հայտարարությամբ: Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը:
«Վերջին օրերին մենք ականատես եղանք կրիմինալի եւ ավազակապետության համատեղ օպերացիային: Ինձանից ի՞նչ էին պահանջում` պահանջում էին, որ հոդվածներ չգրեմ եւ դրոշ չունենամ իմ գլխավերեւում: Հիմա ինձ տարել են պատժախուց, որտեղ թուղթ ու գրիչ ունենալն արգելվում է, դրոշ արգելվում է եւ որեւէ այլ առարկա արգելվում է: Այսինքն, ավազակապետությունը տեսնելով, որ կրիմինալի միջոցով չի կարողանում իր նպատակներին հասնել, գործի է դնում «օրենքը»:
Ես ցանկանում եմ հայտարարել հետեւյալը. ինձ պատժախուց են տարել արդարադատության նախարարության կողմից իմ մասին անարգել ստեր տարածելու համար: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության լածիրակի իմ վերաբերյալ արած բոլոր հայտարարություններն առնվազն 70 տոկոսով սուտ են: Այն հայտարարությունը, թե ես իբր հրաժարվել եմ մուտք գործել քրեակատարողական հիմնարկի բնակելի տարածք, չի համապատասխանում իրականությանը: Ինձ արգելել են մուտք գործել բնակելի գոտի իմ անվտանգության նկատառումներով: Ավելին, ամսի 16-ին ես դիմում եմ գրել ՔԿՀ պետին, որ ինձ թույլ տա տեղափոխվել բնակելի գոտի: ՔԿՀ պետը, որպեսզի հիմք ունենար այդ դիմումի պահանջները չկատարելու համար, որոշում է կայացրել ինձ տույժի ենթարկելու մասին: Ինձ պատժախուց տեղափոխելու որոշումը զավեշտալի է եւ ընդհանրապես ինձ պատժախցում փակելու նպատակը ինձ լռեցնելն է:
2008-ի մարտի 1-ից հետո սա միակ ժամանակաշրջանն է, որ ես հոդված գրելու հնարավորություն չունեմ: Ես պատժախցում արտաքին աշխարհի հետ ոչ մի շփում չունեմ: Եթե անգամ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացնի, ես այդ մասին տեղյակ չեմ լինի: Իմ կարծիքով այս ժամանակաշրջանը արդարադատության նախարարությունը պետք է փորձի օգտագործել անարգել իմ մասին տարբեր տեսակի ստեր տարածելու համար: Այնպես որ, ցանկացած տեղեկատվության հանդիպելիս, որը կտարածի արդարադատության նախարարությունը, անհրաժեշտ է հաշվի առնել սա:
Ես հայտարարել եմ եւ հայտարարում եմ, հանուն ազատ եւ երջանիկ Հայաստանի պայքարելու եմ մինչեւ վերջ, անկախ նրանից բանտում կլինեմ, թե ազատության մեջ, պատժախցում կլինեմ, խցում կլինեմ, զոնում կլինեմ, թե որտեղ: Ուրեմն Սերժիկը թող իմանա ինձ որեւէ մեթոդով կանգնեցնել հնարավոր չի: Ես պայքարելու եմ մինչեւ վերջ եւ սեփական ձեռքերով կերտելու եմ Սերժիկի վարչակազմի տապալումը»:
Նշենք, որ այսօր` նոյեմբերի 19-ին, «Կոշ» ՔԿՀ-ում շարունակվել է Նիկոլ Փաշինյանի դատավարությունը, որտեղ քննվել է նրա բողոքն ընդդեմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանի: Դատարանը պետք է որոշեր՝ փոխելո՞ւ է Նավասարդյանի կողմից այս տարվա մայիսի 25-ին կայացված որոշումը: Ըստ այդ որոշման՝ կիրառելով 2009 թվականի մայիսի 19-ին ՀՀ ԱԺ-ի ընդունած համաներումը, Փաշինյանի ազատազրկման վերջնաժամկետը սահմանել է 3 տարի 10 ամիս 29 օր: Առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ, Նավասարդյանը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կայացված դատավճռի 7 տարվա ազատազրկման ժամկետը պետք է կիսեր՝ վերջնաժամկետ սահմանելով 3 տարի 6 ամիս:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի





























