Առողջության պարտադիր ապահովագրման մասին խոսակցությունները հիմք չունեն, դրա մասին որեւէ օրենսդրական նախագիծ չկա։ Այս մասին նոյեմբերի 19-ին կայացած ասուլիսում տեղեկացրեց Հայաստանի ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Անդրանիկ Օհանջանյանը։ Ըստ նրա՝ մեքենաների պարտադիր ապահովագրման մասին որոշումն ընդունվել է դեռեւս 2007 թվականին, սակայն 3 տարի անց այն նոր կյանքի կոչվեց, իսկ առողջության պարտադիր ապահովագրության մասին լուրերը պարզապես անհիմն են։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասոցիացիայի նախագահ Արմեն Պետրոսյանը նշեց, որ առողջության ապահովագրությունը քաղաքացիների մասնավոր գործն է։

«Առողջության ապահովագրության պոլիսի արժեքը տարեկան մոտ 100 հազար դրամ է, եւ այս հարցը քաղաքացու մասնավոր հետաքրքրության շրջանակում է։ Իհարկե այն դրական ազդեցություն ունենում, հատկապես բժշկական ծառայությունից դժգոհող հասարակության զգալի մասի համար»,- ասաց Պետրոսյանը՝ նկատելով, որ ապահովագրության ներդրումը տարբեր ոլորտներում, կարող է դրական անդրադարձ ունենալ կոռուպցիոն ռսիկերի նվազեցման առումով։

«Եթե ապահովագրական ընկերության հետ աշխատող կլինիկան կամ բուժկենտրոնը պոլիս ունեցող հիվանդին վատ ծառայություն մատուցի, ապա գործ կունենա ոչ թե տվյալ քաղաքացու հետ, այլ այն ապահովագրական ընկերության, որին պատկանում է պոլիսը»,- ընդգծեց Պետրոսյանը։