Նոյեմբերի 19-ին, ժամը 17.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա Գեւորգ Ա.-ն:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության եւ Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Բաղրամյան-Սպանդարյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել է Գեւորգ Ա.-ին պատկանող «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենան, որի զննությամբ հայտնաբերվել է հրազենի գնդակ:
Նույն օրը, ժամը 21.30-ին, Գեւորգ Ա.-ի երկու որդիները ոստիկանություն են ներկայացրել հորը պատկանող «Բերետա» ատրճանակն ու հայտնել, որ հայրն ինքնասպանություն գործելու նպատակով ավտոմեքենայի սրահում այդ ատրճանակով կրակել է գլխին:
Հայտնաբերված գնդակն ու ատրճանակն ուղարկվել են փորձաքննության, կատարվում է նախաքննություն:





























