Միջազգային հանրությունը չունի այլընտրանք, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Նոյեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Նրա խորը համոզմամբ, միջազգային հանրությունը հավատարիմ է միջազգային իրավունքին եւ ուղղակի չի կարող հրաժարվել այդ քայլից:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միջազգային իրավունքի շրջանակներում պաշտպանել է ինքնորոշման իր իրավունքը համաժողովրդական հանրաքվեի օգնությամբ»,- հիշեցրել է Մելիքյանը՝ նշելով, որ դա միայն մի բան է նշանակում՝ ԼՂՀ հայտնվելը Երկրագնքի աշխարհաքաղաքական քարտեզի վրա:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչու այդ դեպքում աշխարհի ոչ մի երկիր, այդ թվում Հայաստանը չի ճանաչել ԼՂՀ անկախությունը, Մելիքյանը հայտարարել է, թե ամեն ինչ իր ժամանակն ունի: «Այն ժամանակ շանսը բաց թողեցինք»,- նկատել է նա:

Անդրադառնալով Հայաստանի նախագահի՝ Լիսաբոնի գագաթնաժողովին չմասնակցելու որոշմանը, հանրապետականն այն ճիշտ եւ դիվանագիտորեն կոռեկտ քայլ համարեց: «Պատճառը գագաթնաժողովի հռչակագրում անհասկանալի ձեւակերպումներն են Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ»,- ասել է նա:
Ըստ Մելիքյանի՝ Աստանայում դեկտեմբերի 2-ին կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահը կրկին որդեգրելու է կարգավորման երեք սկզբունքները, հետո կրկին կփորձի հրաժարվել դրանցից: «Ադրբեջանը պետք է հասկանա, որ չունի այլ ելք, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչից հետո կարելի կլինի բանակցություններ վարել մյուս կետերի շուրջ»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել ու չի լինի Ադրբեջանի կազմում: