«Ծառուկյան» դաշինքի բոլոր պատգամավորների թեկնածուները, որոնք ԿԸՀ էին ներկայացրել ինքնաբացարկի մասին դիմումներ, իրենք են գրել ու ստորագրել այդ դիմումները։ Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Նրա խոսքով, նրանց քայլերին ամենալավ գնահատականը կարող է տալ հասարակությունը, համադրելով փաստերը, իրողություններն ու պարզագույն ճշմարտությունները։ «Ինչ վերաբերում է հետագա քայլերին ու խորհրդարանում հնարավոր համագործակցությանը, ապա ես պետք է ասեմ, որ համենայն դեպս «Ծառուկյան» դաշինքը չպետք է մտածի այդ մասին։ Այդ մասին պետք է մտածեն այն մարդիկ, որոնք կատարել են տվյալ գործողությունները։ Նրանք պետք է մտածեն այն մասին, որ խախտել են քաղաքական պայմանավորվածությունները ու շրջանցել մարդկային հարաբերությունները։ «Ծառուկյան» դաշինքը կատարելու է իր գործողությունները խորհրդարանում այնպես, ինչպես նախկինում էր ծրագրված, այսինքն արդյունավետորեն, ակտիվ օրենսդրական նախաձեռնություններով՝ ի օգուտ երկրի ու ժողովրդի»,- նկատել է Իվետա Տոնոյանը։

Ճշգրտող հարցին այն մասին, արդյոք դա նշանակում է, որ «Ծառուկյան» դաշինքը չի համագործակցելու մանդատ ստացած 8 պատգամավորների հետ, Իվետա Տոնոյանը պատասխանեց ։ «Քանի որ այդ ամբողջ գործընթացը երեկ է տեղի ունեցել, այդ թեմայով քննարկումներ դաշինքում ու անձամբ պարոն Ծառուկյանի հետ դեռ չեն եղել։ Եթե ինչ-որ մեկն էլ անհանգստանալու առիթ ունի, ապա դա հաստատ «Ծառուկյան» դաշինքը չէ։ ՄԻաժամանակ նա հայտնել է, որ Ծառուկյանին արդեն ներկայացրել են իրավիճակը, ու նա տեղեկացված է այդ գործընթացների մասին։

Անդրադառնալով այն հարցին, թե իրավական ինչ հետեւանքներ կարող են լինել, հաշվի առնելով, որ պատգամավորները նշում են, որ չեն ստորագրել ինքնաբացարկի մասին դիմումները, Տոնոյանը շեշտեց․ «Եթե նրանք նման բան են պնդում, ապա նրանք ազատ են իրենց գործողություններում՝ դիմել իրավական մարմիններ ու ստորագրության փորձաքննության միջոցով պարզել, թե ում ստորագրություններ են դրված հայտարարության տակ։ Սակայն նրանք դա չեն անում։ Կարծում եմ, ամեն ինչ ակնհայտ է։Նրանք բոլորը գրել ու ստորագրել են այդ դիմումները»։

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ի հերթական նիստի ժամանակ մայիսի 3-ին, «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավորի 23 թեկնածուներից 12-ը հրաժարվել են մինչ այդ ներկայացրած ինքնաբացարկի մասին դիմումներից։ Նրանք որոշել են չհրաժարվել պատգամավորական մանդատներից, իսկ մի քանիսն էլ միաժամանակ հայտնել են, որ չեն ստորագրել ինքնաբացարկի մասին դիմումներ ։ Նրանցից 8-ը՝ Արարատ Զուրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, Արթուր Մանուկյանը, Նապոլեոն Ազիզյանը, Խաչիլ Մանուկյանը, Արտեմ Ծառուկյանը, Հարություն Կարագեզյանը, Վահան Կարապետյանը, ստացել են պատգամավորական մանդատներ։ Մնացած չորսը՝ Մուշեղ Սաղաթելյանը, Ալիկ Եղիկյանը, Հրանտ Դավթյանը ու Մանուկ Սուքիասյանը, մանդատ չեն ստացել։